Նոր սահմանադրությամբ որևէ կուսակցություն դոմինանտ դեր չի ունենալու. Մինասյանը հակադարձում է Քոչարյանի տեսակետին

Նոր սահմանադրությամբ որևէ կուսակցություն դոմինանտ դեր չի ունենալու. Մինասյանը հակադարձում է Քոչարյանի տեսակետին

Իշխանության ներկայացուցիչները գործող սահմանադրակարգում միշտ ունեցել են «բոնուս». մեծամասնական ընտրակարգով հիմնականում խորհրդարան են եկել իշխանության կողմնակիցները, ինչը հանգեցրել է նրան, որ խորհրդարանում մեծամասնություն է կազմել իշխող կուսակցությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը խոստովանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Հիմա, երբ այդ «բոնուսը» վերանում է, մենք հանգում ենք մի իրողության, որ երբեք որևէ ընտրության արդյունքում իշխանությունը միայն համամասնական ընտրակարգով չի կարողացել 50 տոկոսից ավել ձայն հավաքել, և մենք գնալու ենք քաղաքական կոալիացա ձևավորելու ճանապարհով: Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք. քանի որ ընտրությունների արդյունքում առաջին ուժը չի կարողանալու ապահովել ձայների 50 տոկոսը, ապա մյուս ուժերը կարող են իրենք կոալիցիա կազմել, դուրս թողնել ձայների մեծամասնություն հավաքած ուժին և ձևավորել կառավարություն»,- ասաց նա` կարևորելով մեծամասնական ընտրակարգի վերացումը:

Պատգամավորը շեշտում է` գործող համակարգն  անցնցում իշխանափոխության հնարավորություն չի տալիս և հերքում ՀՀ երկրորդ նախագահի տեսակետը. «Սա տանելու է ոչ թե որևէ կուսակցության դոմինանտ դերի ապահովմանը, այլ ճիշտ հակառակը` կոալիցիաների և քաղաքակիրթ երկրներին բնորոշ կուսակցական համակարգի ձևավորման»:

ՀՀԿ ներկայացուցիչը շարունակում է`  գործող Սահմանադրությամբ քաղաքացիական հասարակությունը երկրի կառավարմանը մասնակցելու ոչ մի ռեալ հնարավորություն չունի և նրա ձայնը լսելի է հինգ տարին մեկ.«Հասարակությունը չի կարողանում ուղղակիորեն մասնակցել  կառավարման գործընթացին` դրանով իսկ ապահովելով ավելի դինամիկ զարգացում և իրեն օտարված է զգում: Հետևաբար, քաղաքացիական հասարակության ներգրավումը կառավարման գործընթացում ես համարում եմ սահմանադրական բարեփոխումների նախագծի կարևոր դրույթներից մեկը»:

Այստեղ Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ Նոր սահմանադրությամբ քաղաքացիական հասարակությունը կարող է ընդամենը 50 հազար ստորագրությամբ նոր օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: «Եթե խորհրդարանն այս կամ այն պատճառով չի ցանկանում ընդունել այդ օրենսդրական նախաձեռնությունը, ապա արդեն հանրաքվեով` 300 հազար ձայնի պարագայում, քաղաքացիական հասարակությունը կարող է այդ օրենքը պարտադրել: Եվ կա մի կարևոր հանգամանք, որ հանրաքվեով ընդունված որոշումն Ազգային ժողովը չի կարող փոխել»,– հավելեց Մինասյանը:

Ինչ վերաբերում է քարոզարշավին, Մինասյանը վատ բան չի տեսնում քաղաքացիներին համոզելու մեջ, որ այո քվեարկեն, իհարկե` օրենքի շրջանակում:

Անդրադառնալով 2016-ի բյուջեին, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ կանխատեսվել է գլոբալ իրողությունների ոչ դրական ազդակների հիման վրա` ՀՆԱ-ի 2.2 տոկոս աճ, ՀՆԱ-ի մակարդակով 3.5 տոկոս դեֆիցիտ, 4 ± 1.5 տոկոս գնաճ, եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, իսկ ծախսերը` 1 տրիլիոն 373 միլիարդ դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում