Սիրիական զինված հակամարտության մեջ նոր փուլ է սկսվում

Սիրիական զինված հակամարտության մեջ նոր փուլ է սկսվում

Թուրքական բանակը կրկին ներխուժել է Սիրիայի տարածք: Այս անգամ ներխուժումը տեղի է ունեցել Ազազա քաղաքի շրջակայքում, որտեղ եռակողմ մարտեր են տեղի ունենում թուրքամետ իսլամիստների, սիրիական քրդերի կազմավորումների և ջիհադական կազմակերպություն հանդիսացող «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) միջև:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Today’s Zaman թերթը, ներխուժման նպատակը հանդիսանում է այսպես կոչված թուրքմեններին՝ Սիրիայի հյուսիսային շրջաններում բնակվող տեղացի թուրքերին, աջակցելն է:

Սիրիացի թուրքերի առաջնորդ Աբդուռռահման Մուստաֆան, շաբաթ օրը, թուրքական ԶԼՄ-ներին հաստատեց թուրքական զինվորականների մասնակցությունը ԻԼԻՊ-ի դեմ մարտերում:

Միևնույն ժամանակ, Today’s Zaman ընդգծում է նաև թուրքական աջակցությունն արաբա-թուրքմենական որոշ համատեղ կազմավորումներին: Եթե խոսքը գնում է Սիրիական դեմոկրատական ուժերի (SDF) մասին, ապա այո՛, այստեղ իսկապես գործում են սիրիական թուրքմենների ստորաբաժանումներ, սակայն մարտերի հիմնական բեռը կրում են թուրքական պետությանը թշնամի հանդիսացող Սիրիայի քրդերը: Այդ իսկ պատճառով էլ դժվար է պատկերացնել SDF-ի հետ թուրքական բանակի իրական համագործակցությունը:

Ինչպես հայտնի է, թուրքերը ոչինչ հենց այնպես չեն անում, և հերթական ներխուժումը Սիրիա, առանց օրինական իշխանության թույլտվության, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի քողի տակ, որի հովանավորողներից մեկն էլ հենց հանդիսանում է Թուրքիան, ներկա պարագայում դա նշանակում է Սիրիայի հյուսիսում ուժերի հավասարակշռությունը փոխելու նպատակով մի փորձ՝ Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցությունների նախաշեմին, որը ուղղված է լինելու ձգձգված հակամարտության կարգավորմանը: Ամենայն հավանականությամբ, թուրքերի նյարդերը տեղի են տալիս, երբ տեսնում են, որ քրդական առաջխաղացումը իրական վտանգ է դարձել իրենց համար՝ սպառնալով կտրել Հալեպի նահանգում բնակվող թուրքամետ իսլամիստներին աջակցություն հասցնելու միակ զարկերակը, որը անցնում է հենց Ազազա քաղաքով:

Ինչպես էլ որ լինի, թուրքական բանակի կողմից ԻԼԻՊ-ի դիրքերին կրակելը՝ (եթե այն, ընդհանրապես գոյություն ունեցել է – Պանդուխտ) սիրիացի թուրքերին (թուրքմեններին) պաշտպանելու անվան տակ, նշանակում է հնգամյա զինված հակամարտության նոր փուլ, որը ենթադրում է թուրքական զորքերի ակտիվ մասնակցություն հակամարտության մասնակիցներից մեկի կողմից: Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ Ազազայի շրջանում ակտիվ գործում է նաև ռուսական ավիացիան, այդ պատճառով էլ թուրքական միջամտությունը անկանխատեսելի հեևանքներ կարող է ունենալ:

ՊԱՆԴՈՒԽՏ

Հետևեք մեզ նաև Telegram-ում