ԵԽԽՎ-ում կատարվածը ՀՀ-ին մտածելու տեղիք պիտի տա. գործելաոճը պետք է փոխել. Բեքարյան

ԵԽԽՎ-ում կատարվածը ՀՀ-ին մտածելու տեղիք պիտի տա. գործելաոճը պետք է փոխել. Բեքարյան

ԵԽԽՎ-ում  հակահայ զեկույցների քննարկումը ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ  նախագահ Կարեն Բեքարյանն անբնական  է համարում. դրանք առնչվում էին ԼՂՀ-ին և նրա ազգաբնակչությանը, մինչդեռ Արցախը ներկայացված չէր: Ըստ Բեքարյանի՝ դե ֆակտո պետության քողի տակ կամ քաղաքացիական հասարակության մակարդակով գոնե ԼՂՀ-ն պետք է եվրոպական կառույցներում ներկայացված լինի, երբ հարցն իրեն է վերաբերում՝ անկախ քաղաքական ճանաչումից, ինչպես Կոսովոյի, Հյուսիսային Կիպրոսի  դեպքում:  Երկրորդ՝ իրավիճակը և զեկույցները սուբյեկտիվ էին, քանի որ  զեկուցողները չեն այցելել այն երկիր, որի վերաբերյալ զեկույց են պատրաստել:

«ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն, որևէ փորձ չունեն կոնֆլիկտների քաղաքական ասպեկտին առնչվելու, միջնորդի դեր ստանձնելու: Հետևաբար, ճիշտ չէ փորձել հարակից երևույթներով «նպաստ» բերել գործընթացին, նման դեպքում կարևոր է «մի վնասիր» սկզբունքը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կարեն Բեքարյանը:

Առանձնացնելով  բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը և դրա բանաձևի չվերածվելը, Կարեն Բեքարյանը նկատեց, որ այս պարագայում հաղթեց բանականությունը՝ կարևորելով հայկական պատվիրակության և ԼՂՀ-ի ու ՀՀ-ի հասարակական կազմակերպությունների դերը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվությունը: 

«Ուոլթերի զեկույցն իր կշիռով չի կարող համեմատվել Մարկովիչի զեկույցի հետ: Պետք է նաև հասկանալ, որ ԵԽԽՎ բանաձևերը չունեն որևէ իրավական ուժ, դրանք քաղաքական ֆոնի վրա ազդելու միջոց են և տրամադրություններ ստուգելու փորձ»,-շեշտեց Կարեն Բեքարյանը:

Միաժամանակ, պատգամավորն ընդունեց, որ եվրոպական կառույցներում, այս դեպքում՝ ԵԽԽՎ-ում, ցանկացած նման դրսևորում ՀՀ-ին պետք է մտածելու տեղիք տա՝ թե ինչպես պետք է այսուհետ կառուցել աշխատանքը: Ըստ Բեքարյանի այստեղ անձերի խնդիր չկա, մարտավարությունում համակարգային բարեփոխում է պետք: Այսինքն՝ պետք է ավելի վաղ փուլում կանխել նման հակահայ միջոցառումները: 

Times.am-ի հարցին ի պատասխան քաղաքագետը վստահություն հայտնեց, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որ ԼՂՀ-ն ներկայացված լինի եվրոպական կառույցներում, ուստի այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց դեռ արդյունք չկա: 

Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ում ընդունվեց Միլիցա Մարկովիչի հեղինակած  «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» վերնագրով հակահայ զեկույցը, իսկ բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը չի ընդունվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում