Օմբուդսմենը չպետք է սպասարկի իշխանության կամ ընդդիմության շահերը. Նաիրա Զոհրաբյան

Օմբուդսմենը չպետք է սպասարկի իշխանության կամ ընդդիմության շահերը. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի բոլոր պատգամավորները պետք է ամեն ինչ անեն Մարդու իրավունքների հաջորդ պաշտպանին իշխանության կամ ընդդիմության դրածոն չդարձնելու համար: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Մենք չպետք է մարդուն դնենք այնպիսի իրավիճակում, որ նա ամեն անգամ ստիպված լինի արդարանալ իր տեսակետի կամ իր որոշման համար: Օմբուդսմենը չպետք է լինի ոչ իշխանության, ոչ ընդդիմության կամակատարը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ հարկավոր է վեր կանգնել Մարդու իրավունքների պաշտպանին ինչ-որ մեկի շահերի սպասարկուն դարձնելու մտայնությունից: «Եթե մենք ցանկանում ենք ունենալ իսկապես կայացած Օմբուդսմենի ինստիտուտ, պետք է վեր կանգնենք նրան կամ իշխանության, կամ ընդդիմության շահերի սպասարկուն դարձնելուց: Եվ, եթե Օմբուդսմենի այս կամ այն տեսակետը դուր չի գալիս իշխանությանը, նա չպիտի հռչակվի վատ կադր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ, եթե նա հրաժարվում է սպասարկել ընդդիմության շահերը, չպետք է նրան խարույկի վրա այրելու կոչեր արվեն»,- հավելեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ պատգամավորների համար առաջիկայում լուրջ ընտրություն է սպասվում՝ հավելելով, որ այս հարցում որևէ մեկը սխալվելու իրավունք չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում