ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է իրանական «Միրաբ» ընկերության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է իրանական «Միրաբ» ընկերության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 4-ին ընդունել է իրանական «Միրաբ» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր ընկերության հիմնադիր տնօրեն Մորթեզա Թավաջոհը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են ընկերության գործունեությունը, որի հիմնական ուղղվածությունը տարբեր տրամաչափերի փականների արտադրությունն է, որոնք օգտագործվում են նաև գյուղատնտեսության բնագավառում:

Պարոն Թավաջոհը տեղեկացրել է, որ գործունեության 35 տարվա ընթացքում «Միրաբ» ընկերությունն ունեցել է զգալի հաջողություններ, Գերմանիայում գործում է մասնաճյուղ,  աշխարհի 14 երկրներում ունեն  ներկայացուցչություններ և ներկայումս արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում: Ընդգծելով, որ ընկերության նախորդ տարվա արտադրանքի մեծ մասն ուղղվել է Իրանի գյուղատնտեսության ոլորտում ոռոգման համակարգերի բարելավմանը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում քայլեր են ձեռնարկվում ոռոգման կաթիլային համակարգին անցնելու ուղղությամբ` պարոն Թավաջոհը վստահություն է հայտնել, որ իրենց արտադրանքը կարող է հետաքրքրել նաև հայկական շուկային: Այս կապակցությամբ նա ցանկություն է հայտնել Հայաստանում ևս կազմակերպել փականների արտադրություն:

«Նման արտադրության կազմակերպումը մեր երկրում շատ կարևոր է, իսկ նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, կարծում եմ, որ մեր երկիրը կարող է հարմար հարթակ հանդիսանալ ընկերության արտադրանքը դեպի ԵՏՄ շուկա արտահանելու համար», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Տեղեկացնելով, որ վերջին տարիներին Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել արտասահմանյան ներդրումների և երկրում նոր բիզնես սկսելու համար` նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել իրանական կողմին ՀՀ-ում փականների արտադրության կազմակերպման գործում:

Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հյուրերին հանգամանորեն ուսումնասիրել հայկական շուկան և ոռոգման համակարգում առկա խնդիրները` հետագայում արտադրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում