Հայաստանում ներառական կրթության խնդիրը լուծված է

Հայաստանում ներառական կրթության խնդիրը լուծված է

Հայաստանում ներառական կրթության խնդիրը լուծված է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այսօր Հայաստանում կան շուրջ 150 ներառական դպրոցներ, և մինչև 2020 թվականը ներդրված է լինելու ընդհանուր ներառական կրթական համակարգը:

«Այս աշխատանքը նոր չէ, դեռ 2000 թվականից սկսվեց այդ գործընթացը: Բավական դժվար էր առաջին տարիներին այդ խնդիրը լուծել. և’ հասարակությունը, և’ երեխաները պատրաստ չէին, բայց խնդիրը հաղթահարված է»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով փաստին, որ Կառավարությունը 2016 թվականը հայտարարել է հավասար հնարավորությունների տարի, Նարինե Հովհաննսիայնը նշեց, որ ընթացիկ տարում մշակվելու են բազմաթիվ ծառայություններ: Նախատեսված է, որ հանրապետության բոլոր մարզերն ունենան գնահատման կենտրոններ: Այդ կենտրոններն աշխատելու են իրենց տարածքների հանրակրթական դպրոցների հետ:

Ընթացիկ տարում նախատեսված է նաև 20-ից ավելի դպրոցների վերանորոգում, որոնք կունենան բարենպաստ պայմաններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Նարինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ նախանշված բարեփոխումները հնարավոր չեն առանց հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության: Ըստ նրա` այդ կազմակերպությունների հետ աշխատանքը պարբերական բնույթ է կրում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»-ի տնօրեն Զարուհի Բաթոյանն էլ ընդգծեց, որ ներառական կրթության ոլորտում բազմաթիվ ձեռքբերումներ են գրանցվել և դրանք շարունակվում են:

«Շատ կցանկանայի, որ հավասար հնարավորություններ ապահովելուն ուղղված աշխատանքն այս տարի նոր որակ ստանար: Մասնավորապես, այս տարի գործընթացին միանան այն գերատեսչություններն ու կազմակերպությունները, որոնք ակտիվ չեն: Օրինակ, զբոսաշրջության, մշակույթի ոլորտի գերատեսչություններն ու կազմակերպությունները»,- ասաց Զարուհի Բաթոյանն` ընդգծելով, որ այսուհետև միայն կրթական խնդիրներից չպետք է խոսել, այլ ոլորտների հարցերը նույնպես անհրաժեշտ է բարձրաձայնել: Նրա խոսքով՝ այլևս ամոթ է մեզ համար ներառական կրթության անհրաժեշտության մասին խոսելը, դա օրենք է և պետք է կիրառվի: Ըստ նրա` մատչելի միջավայրը միայն թեքահարթակը չէ:

«Մենք կարող ենք» ՀԿ նախագահ Արմինե Սահակյանն ավելացրեց, որ այս տարվանից ակնկալիքները շատ են, իսկ տարվող աշխատանքները պետք է ամբողջական լինեն՝ ներառելով բոլոր օղակները` մանկապարտեզից մինչև աշխատավայր:

«Հաշմանդություն ունեցողները միայն սայլակով անձինք չեն, և միջավայրը պետք է հարմարեցված լինի ինչպես շարժողական, այնպես էլ տեսողական, լսողական, մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար: Ես, լինելով մտավոր խնդիր ունեցող երեխայի ծնող, կցանկանայի, որ շատ խոսվեր նաև այս մարդկանց մասին: Մենք այնպիսի հաջողված դեպքեր ունենք, դրանք պետք է ներկայացվեն ու լուսաբանվեն: Հավատացեք, այդ հաջողված պատմությունները ծնողներին շատ ուժ են տալիս»,-ասաց Արմինե Սահակյանը:

Արմինե Սահակյանը նշեց, որ ակնկալիքներ ունի նաև Մշակույթի նախարարությունից: Հաշմանադամություն ունեցող շատ երեխաներ ստեղծագործում են, որոնց աշխատանքները ներկայացվում են տարբեր ցուցահանդեսներում: Ըստ նրա` շատ կարևոր է, որ կազմակերպման գործընթացին աջակցի նաև Մշակույթի նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում