ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փերվարի 10-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով տեղակալ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախթարին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով տիկին Ախթարին Երևանում՝ նախարար Նալբանդյանն արժևորել է Հայաստանի և Հանձնաժողովի միջև ձևավորված առավել քան քսան տարվա արդյունավետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Ախթարը նշել է, որ հանձնաժողովը կարևորում է անդամ պետությունների ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը՝ համատեղ ջանքերով առկա խնդիրներին լուծումներ գտնելու հարցում:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների ընձեռած հնարավորությունները, համագործակցությունը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային փոխգործակցության հարցեր: Հանդիպման օրակարգում են եղել կայուն զարգացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները։

Անդրադարձ է արվել դեպի ծով ելք չունեցող երկրներին առնչվող հարցերին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը տեղեկացրել է, որ դեպի ծով ելք չունեցող երկրների համար Վիեննայի գործողությունների 2014-2024թթ. ծրագրի համապատասխան՝ Հայաստանում ընդունվել է միջոցառումների իրականացման Ազգային ծրագիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում