Հայտնի է ռուսական վարկով Հայաստանին մատակարարվելիք սպառազինության ցանկը

Հայտնի է ռուսական վարկով Հայաստանին մատակարարվելիք սպառազինության ցանկը

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները ստորագրել են 200 մլն դոլարի պետական արտահանման վարկային համաձայնագիր` 10 տարի ժամկետով, մինչև 2018 թվականի սկիզբը վճարումների հետաձգմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին տեղեկացվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Վարկը տրամադրվում է ռուսական ռազմական արտադրության մատակարարման համար:

Համաձայն հավելվածի, Հայաստանը ՌԴ-ից ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ և դրանց համար նախատեսված ռազմամթերք, «Игла-С» զենիթա-հրթիռային կայաններ, «Автобаза-М» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայաններ, ТОС-1А ծանր հրանետային համակարգեր տրանսպորտային-լիցքավորող մեքենաներով, 9М113М կառավարվող հրթիռներ, РПГ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, Тигр զրահամեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ցանկը կարող է փոխվել Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Վարկը հայկական կողմն օգտագործելու է յուրաքանչյուր մատակարարման պայմանագրի մինչև 90 տոկոս ֆինանսավորման համար՝ ռուսական ռուբլով վերահաշվարկով: Կանխավճարը, որը կազմում է յուրաքանչյուր պայմանագրի ոչ պակաս, քան 10 տոկոսը, իրականացվելու է հայկական կողմի միջոցներով՝ հօգուտ ռուսաստանյան լիազոր կազմակերպությունների՝ ռուսական ռուբլով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում