Արվեստը պահանջում է ազատություն. Ռուբեն Բաբայան

Արվեստը պահանջում է ազատություն. Ռուբեն Բաբայան

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և դերասանուհի, մնջախաղաց Ինա Հախնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին տիկնիկային թատրոնի ներկայացումներից և ապագա ծրագրերից:

Խոսելով դասական և նոր բեմադրված ներկայացումների մասին` դերասանուհի Ինա Հախնազարյանը նշեց, որ թատրոնի բոլոր ներկայացումները միտված են զարգացնել երեխաների երևակայությունը, խորացնել և ընդլայնել զգացմունքային դաշտը` գեղագիտական ճաշակ ձևավորելու համար:

«Մենք ունենք՝ ավանդական, նորարարական, դիմակների թատրոնի և ստվերների թատրոնի սկզբունքով, դրամատիկ և տարբեր ժանրերի ներկայացումներ: Այս բոլոր բեմադրությունները սկսում են ապրել հանդիսատեսի հետ: Երեխաները շատ ակտիվ են արձագանքում բեմում տեղի ունեցող իրադարձություններին, ինչը ողջունելի է, քանի որ դու հասկանում ես, որ երեխան ամբողջովին ընկղմվել է բեմականացման մեջ և ուշադիր հետևում է, նույնիսկ արձագանքում իրեն հուզող պահերին», – ասաց դերասանուհին:

Անդրադառնալով վերոհիշյալ թեմային՝ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց.

«Շատ կարևոր է, թե երբ է խաղացվում ներկայացումը: Մենք այս տարի ունեցել ենք շատ հետաքրքիր հանդես-ներկայացում՝ «Գրինչի գողացած հեքիաթը»: Գրինչը մի կանաչ գույնի կերպար է, ով նպատակ ունի փչացնել բոլորի Ամանորը, որպեսզի Ձմեռ պապիկը նվերներ չբաժանի: Դուք պետք է տեսնեիք, թե ինչպիսի ոգևորությամբ էին երեխաներն արձագանքում Գրինչի ստեղծած խնդիրներին: Ամանորից հետո, երբ մենք նորից խաղացինք այդ ներկայացումը, երեխաներն արդեն ստացել էին իրենց նվերները և ուղղակի նայում էին ներկայացումը՝ ավելի թույլ արտահայտված զգացմունքներով»:

Ռուբեն Բաբայանը խոսեց նաև ըննդհանրապես մեր թատրոնի խնդիրներից:

«Թատրոնն ունի երկու լուրջ խնդիր: Առաջին, որ կազմակերպչական և ադմինիստրատիվ ձևով, նա մնացել է սովետական թատրոն և, ցավոք, չի էլ փորձում շարժվել այդ տեղից: Արվեստը պահանջում է ազատություն, և ստատիկ ադմինիստրատիվ վիճակը, որը պարտադրվում է թատրոններին, շատ է խանգարում ստեղծագործական ընթացքին: Երկրորդ խնդիրն այն է, որ մենք խուսափում ենք շփվել աշխարհի հետ: Պետք է չամաչենք փորձի փոխանակումից, քանի որ արվեստում պիտի հաղորդակցվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում