«Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն ֆիլմը Նյու Յորքի կինոփառատոնում 2 մրցանակ է ստացել

«Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն ֆիլմը Նյու Յորքի կինոփառատոնում 2 մրցանակ է ստացել

Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն փաստագրական ֆիլմը Նյու Յորքում երկու մրցանակի է արժանացել: Թուրքական «DemokratHaber» լրատվական կայքի սյունակագիր Հրանտ Գասպարյանի տեղեկացմամբ՝ «Ով սպանեց հայերին» ֆիլմը  մասնակցել  է ԱՄՆ-ում անցկացված «Socially Relevant Films» միջազգային կինոփառատոնին: Կինոփառատոնին ընդհանուր առմամբ մասնակցել են 32 երկիր ներկայացնող ֆիլմեր ու ռեժիսորներ, փոխանցում է  ermenihaber.am-ը:

Եգիպտոսցի պրոդյուսեր Մարիամ Զաքիի և ռեժիսոր Մուհամմեդ Հանաֆիի հեղինակած ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն խաղարկային-վավերագրական ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև շահել «Հանդիսատեսի համակրանք» մրցականը:

«Ֆիլմը ցուցադրվել է մի կինոփառատոնի շրջանակներում, որի նպատակը կինոարվեստի միջոցով հասարակական խնդիրների մասին տեղեկացնելն է:

Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ամբողջական պատկերը՝ սկսած 1894-1896թթ. Համիդյան ջարդերից ու 1909թ. Ադանայի կոտորածից մինչև 1915թ. երբ օրենքների միջոցով Հայոց ցեղասպանությունը պաշտոնականացվեց»,- գրում է Գասպարյանը: 70 րոպեանոց  այս ժապավենը պատրաստվել է արխիվային նյութերի ու լուսանկարների, ականատեսների հիշողությունների ու վկայությունների հիման վրա, որոնցից շատերն առաջին անգամ են հրապարակվում:

Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում, իսկ ֆիլմի առաջին ցուցադրությունն իրականացվել է 2015-ի նոյեմբերին Կահիրեում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում