Կհստակեցվի Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության ծավալները, ժամկետները և գները

Կհստակեցվի Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության ծավալները, ժամկետները և գները

Այսօր կառավարության որոշմամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայանագրի դրույթների իրականացման նպատակով հստակեցվել և տարանջատվել են Համաձայնագրի շրջանակներում լիազոր մարմինների և ՀՀ կենտրոնական բանկի գործառույթները:

2015թվականի հունիսի 26-ին ստորագրված Համաձայնագրի 7 րդ և 9-րդ հոդվածների համաձայն ՀՀ կառավարությունը որոշեց հանձնարարել՝

ՀՀ ֆինանսների նախարարին՝ իրականացնել հսկողություն Համաձայնագրի հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ

ՀՀ պաշտպանության նախարարին՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ինչպես նաև՝ ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016 թվականի ապրիլի 29-ը ՌԴ «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված համաձայնագրով ՌԴ կառավարությունը պարտավորվել է ՀՀ կառավարությանը տրամադրել մինչեւ 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Հայկական կողմը վարկն օգտագործելու է ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչեւ 90 տոկոսի ֆինանսավորման համար, որոնք կնքվելու են համաձայնագրի համապատասխան պայմանագրերում նշված ռուսական եւ հայկական կազմակերպությունների միջեւ: Հայաստանը վարկն օգտագործելու է 2015-2017 թվականների ընթացքում: Վարկի մարման ժամկետը 13 տարի է, որից 3-ը՝ արտոնյալ: Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 3 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում