Թուրքիան և Ադրբեջանը պանթուրքական օրակարգ են թելադրում իսլամական աշխարհին

Թուրքիան և Ադրբեջանը պանթուրքական օրակարգ են թելադրում իսլամական աշխարհին

Ապրիլի 14-15-ը Ստամբուլում կայացավ Իսլամական համագործակցություն կազմակերպության համաժողովը, որին մասնակցում էին 56 երկրների ներկայացուցիչներ, որոնցից 33-ը նախագահներ կամ վարաչապետներ: Առաջիկա երկու տարիների ընթացքում ԻՀԿ-ի նախագահությունը պատկանելու է Թուրքիային, ուստի կանխատեսելի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հնարավորինս շատ կօգտագործեն այս հարթակը` առաջ մղելու իրենց հակահայկական օրակարգը:

Համաժողովի ընթացքում ընդունված վերջնական փաստաթղթում, ի թիվս բազմաթիվ հարցերի, 16-րդ և 17-րդ կետերում բավականին ծավալուն անդրադարձ կատարվեց Արցախյան հակամարտությանը և հատկապես ապրիլյան չորսօրյա պատերազմին: Մասնավորապես` 16-րդ կետում հղում է կատարվում ՄԱԿ-ի չորս բանաձևերին և կոչ է արվում Հայաստանին զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի տարածքից: Բնականաբար, կոնֆերանսի մասնակիցները կոչ են անում հակամարտությունը լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Կոչ է արվում Հայաստանին զենք չվաճառել և նմանաբովանդակ այլ հայտարարություններ: Իսկ փաստաթղթի 17-րդ կետում նշվում է ԻՀԿ-ի շրջանակներում արտգործնախարարների մակարդակով շփման խումբ ստեղծելու մասին, որի առաջին նիստը պետք է անցկացնի Ստամբուլում: Նշենք, որ մինչ եզրափակիչ կոնֆերանսը նման նախաձեռնությամբ հանդես էր եկել Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանն Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ դարձավ 1991թ-ին, Արցախյան հակամարտությանը, որը էթնոքաղաքական կոնֆլիկտ է, փորձում է տրվել կրոնական երանգավորում` ակնկալելով իսլամական եղբայրների աջակցությունը: Հենց 1993թ-ին էլ ԻՀԿ-ն ընդունեց Հայաստանի դեմ առաջին բանաձևը, որն էլ հիմք դրեց հակահայկական տասնյակ բաաձևերի շքերթին:

Վերջին բանաձևը, որում հիշատակվել էր Արցախյան հակամարտությունը 2015թ-ի հունիսին Քուվեյթում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 42-րդ նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության ագրեսիան Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ» վերնագրով զեկույցն էր: Այն իրականությունից կտրված մի փաստաթուղթ էր, որտեղ, ադրբեջանական քարոզչության լավագույն ավանդույթների համաձայն, խոսվում էր Ադրբեջանի այսպես կոչված տարածքների քսան տոկոսի կորուստի, մեկ միլիոն փախստականների մասին, Արցախի ազատագրումը որակվում է որպես «մարդկության դեմ հանցագործություն»: Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Իյադ բին Ամին Մադանին կոչ էր անում կազմակերպության անդամ երկրներին հանդես գալ անհատական և համատեղ նախաձեռնություններով Արցախը Ադրբեջանի կազմ մտցնելու համար: Հետաքրքրական է, որ զեկույցի հեղինակներն այնքան հեռու են գնացել, որ նույնիսկ ուրվագծել են Արցախի տարածքում մզկիթների վերականգնման, գրադարանների, թանգարանների մշակման ծրագիր:

Անշուշտ, նմանաբովանդակ հայատարարություններն ու բանաձևերն իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում հատկապես մեր օրերում, երբ իսլամի ծայրահեղական գաղափարների մեծ աճ կա: Թուրքիան իր պանթուրքական գաղափարների կենսագործման համար Ադրբեջանին օգտագործում է որպես գործիք` տարածաշրջանում հայկական գործոնը նվազագույնի հասցնելու համար: Միաժամանակ պանթուրքական նկրտումները ներկայացվում են պանիսլամիզմի շղարշի ներքո և փորձում իսլամական աշխարհի ներկայացուցիչների մոտ համերաշխության օղակ ձևավորել: Սակայն իսլամական համերաշխությունը թվացյալ պատրանք է:

Իսլամական համագործակցություն կազմակերպությունը միջազգային հարբերություններում գործող ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որի մեջ ընգրկված են աշխարհի չորս մայրցամաքների շուրջ հիսունյոթ իսլամական պետություն: Այն ձևավորվել է դեռևս 1969 թ-ին, որպես Իսլմական կոնֆերանսի կազմակերպություն, և միայն 2011թ-ին է ստացել ներկայիս անվանումը: Կազմակերպությունը միտված է միջազգային հարաբերություններում մեկ միասնական դիրքորոշում որդեգրել անդամ իսլամական պետությունների համար և հանդես գալ մեկ դեմքով: Սակայն կազմակերպության համաժողովներն ապացուցում են, որ իսլմական համերաշխությունն ընդամենը պատրանք է և պետություններից շատերն արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում են ոչ թե կրոնական սկզբունքով, այլ ազգային շահերով: Կան ֆանատիկ պետություններ, ինչպիսին օրինակ Սաուդյան Արաբիան կամ Պակիստանն են, որոնք կրոնական գործոնից ելնելով, Հայաստանի հետ հրաժարվում են նորմալ հարաբերություններ կառուցել, սակայն դրանց կողքին կա նաև Իրանի նման տարածաշրջանային տերություն, որը Արցախյան հարցում փորձում է չեզոքություն պահպանել:

Հարկ է ընգծել, որ Արցախյան հակամարտության տարիներին, ԻՀԿ-ի շրջանակներում Իրանը բավականին մեծ աշխատանք է տարել, որպեսզի Արցախյան հակամարտությանը կրոնական երանգավորում չտրվի: Այս օրերին ևս Իրանը հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերեց և փորձեց հանդարտեցնել ԻՀԿ-ում բորբոքվող հակահայկական կրքերը, սակայն ԻՀԿ-ի վերջին նիստն ուներ հենց հակաիրանական շեշտադրումներ, ուստի պատահական չէ, որ Հասան Ռոուհանին լքեց նիստերի դահլիճը: Հատկանշական է, որ հակաիրանական այս ալիքի բռնկումը համընկնում է Թուրքիայի նախագահության ժամանակահատվածի հետ: Թուրքիան, Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի հետ փորձում են կենսագործել վաղուց արդեն մշակված ծրագիրը՝ թուլացնելու Իրանի տարածաշրջանային դիրքերը: Անշուշտ, ստեղծված իրավիճակում Իրանը դաշնակիցների կարիք ունի, և տարածաշրջանում նա կարող է հույսը դնել Հայաստանի վրա, սակայն ոչ պակաս կարևոր է, որ Հայաստանը ևս ապավինի Իրանի կայուն դաշնակցությանը:

ԻՀԿ որոշումներն այնքան էլ սարսափելի չեն, սակայն վտանգավոր է դրան հաջորդող հետևանքները: Հայաստանը, Իրանի և իսլամական աշխարհի այլ դաշնակիցների հետ միասին, պետք է չեզոքացնի Թուրքիայի և Արբեջանի՝ Արցախյան հակամարտությանը կրոնական երանգավորում տալու ջանքերը: Հարկ է արշավ սկսել, որը ԻՀԿ անդամ պետություններին կիրազեկի թուրք-ադրբեջանական պանթուրքական ծրագրերի ակտուալության մասին: ԻՀԿ անդամ շատ պետությունների մոտ դեռ թարմ է Օսմանյան դաժան տիրապետության մասին հիշողությունները, և դժվար թե նրանք ցանկանան կրկին առերեսվել պանթուրքական գաղափարների խաչակիր Թուրքիայի հետ: Այս դեպքում գուցե հնարավոր կլինի ԻՀԿ շրջանակներում ձևավորել պետությունների մի օղակ, որը կկանխի Արցախյան հակամարտության վերաբերյալ թուրք-ադրբեջանական ապատեղեկատվության տարածումը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում