Չեխիայի նախագահը կայցելի Հայաստան

Չեխիայի նախագահը կայցելի Հայաստան

Աշխատանքային այցով մայիսի 4-ին Պրահա ժամանած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկին հանդիպման ժամանակ բարձր են գնահատել երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, անդրադարձել Չեխիայի Նախագահի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին, անցյալ շաբաթ Պրահայում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են արտահայտեցին իրենց ղեկավարած երկու գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների կապակցությամբ։

Հաղորդագրությունում նաև նշված է. «Հայաստանի արտգործնախարարը իր չեխ գործընկերոջը ներկայացրեց այս տարվա ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքները՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել հրադադարը հարգելու մասին միջազգային հանրության բազմաթիվ կոչերը, ոտնահարել 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը:

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է համանախագահ երկրների հետ միասին աշխատել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով հարկավոր է երաշխավորել 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը և կյանքի կոչել համանախագահների առաջարկը` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ:

Լյուբոմիր Զաորալեկը շեշտեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում