Այցը «ուխտագնացություն» բնորոշելը վկայում է հայ ժողվրդի հանդեպ Ձեր հոգածության մասին. ՀՀ նախագահ. Ուղիղ (թարմացվող)

Այցը «ուխտագնացություն» բնորոշելը վկայում է հայ ժողվրդի հանդեպ Ձեր հոգածության մասին. ՀՀ նախագահ. Ուղիղ (թարմացվող)

18.49

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը ելույթ է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որում մասնավորապես նշել է.

«Պարոն Նախագահ,

Հարգարժան պետական այրեր,

Պատվարժան դիվանագետներ,

Տիկնայք և Պարոնայք,

Մեծ ուրախություն է ինձ համար գտնվել այստեղ, հպվել այս հույժ սիրելի հայկական աշխարհի հողին, այցելել հինավուրց և հարուստ ավանդույթներ ունեցող մի ժողովրդի, ով քաջությամբ է վկայել իր հավատքը, ով շատ է տառապել, բայց վերածնվել է միշտ։
« …Մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, … հազարամյա քարն … աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր» (Եղիշե Չարենց, «Ես իմ անուշ Հայաստանի»): Սրանք մի քանի հզոր պատկերներ են, որոնք Ձեր հռչակավոր բանաստեղծը մեզ է ընծայում՝ լուսավորելու համար մեզ Հայաստանի պատմության խորության և բնության գեղեցկության մասին: Դրանք քիչ խոսքերի մեջ ամփոփում են մի ամբողջ ժողովրդի փառավոր և ողբերգական փորձառության արձագանքն ու խտությունը և տոգորող սերը Հայրենիքի հանդեպ:

Սրտանց երախտապարտ եմ Ձեզ, պարոն Նախագահ, Հայաստանի Կառավարության և բնակչության անունից ինձ ուղղված Ձեր բարի գալուստի սիրալիր խոսքերի համար, ինչպես նաև ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ Ձեր ազնիվ հրավերի շնորհիվ, փոխադարձելու անցյալ տարի Վատիկան կատարած Ձեր այցը, երբ Սուրբ Պետրոսի տաճարում՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, և Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց Պատրիարք երջանկահիշատակ Ն.Ե.Ներսես Պետրոս XIX-ի հետ միասին , ներկա գտնվեցիք հանդիսավոր արարողությանը։ Այդ առիթով հիշատակվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց»:

 18.29

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպման ժամանակ, որում մասնավորապես նկատել է.

«Ձե՛րդ Սրբություն,

Սրբազա՛ն Հայրեր,

Հարգելի՛ ներկաներ,

Այսօր Աստված մեզ յուրահատուկ օր է պարգևել:

Մեր ժողովրդի և անձամբ ինձ համար մեծագույն պատիվ է ողջունել կաթոլիկ աշխարհի առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած և հանուն քրիստոնեական ինքնության ու արժեքների հազարամյա մաքառումներով անցած հայոց հողում։

Ձե՛րդ Սրբություն, Ձեր այցը երկար սպասված էր մեր երկրում։ Սիրո և խաղաղության, գթասրտության համա­մարդ­­կային արժեք­նե­րի և մարդասիրական գաղափար­ների նկատմամբ Ձեր հավատարմությամբ և հայությանը հուզող հարցերի հանդեպ Ձեր մշտական հոգածությամբ Դուք վայելում եք հայ ժողովրդի մեծ հարգանքն ու հիացմունքը։

Շնորհակալ ենք ջերմությամբ լի պատմական այս պահը բոլորիս պարգևելու համար։ Շնորհակալ ենք, որ Ձեր ներկայությամբ օրհնություն, երջանկություն ու խաղաղություն եք բերում մեր երկիր, ջերմությամբ լցնում մեր օջախներն ու մեր սրտերը։ Ձեր կողմից որպես այցի նշանաբան` «այց առաջին քրիստոնյա երկիր» պաշտոնական կարգախոս հաստատելը և ուղևորությունն «ուխտագնացություն» բնորոշելը վկայում է մեր երկրի և հայ ժողովրդի հանդեպ Ձեր հոգածության, ինչպես նաև կաթոլիկ և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև առանձնահատուկ կապի մասին: Մենք շնորհակալ և երախտապարտ ենք Ձեզ դրա համար»:

 18.10

Հայաստանի և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարիների ընթացքում հայ ժողովրդի համար պատմական իրադարձություններ են տեղի ունեցել: Նախագահական նստավայրում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը.«Մենք շնորհակալ ենք մեր հինավուրց հողին և բազմաչարչար ժողովրդին օրհնություն բերելու համար: Մենք շատ ուրախ ենք, որ հաջորդ տարի նշելու ենք Հայաստան-Վատիկան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և հաստատելու ենք, որ այս ընթացքում մեզ համար պատմական իրադարձություններ են եղել»,- նշեց ՀՀ Նախագահը՝ հավելելով, որ իսկապես մեծ պատմական իրադարձություններ են եղել Հովհաննես Պողոս պապի այցելությունը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցված պատարագը. «Մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետի կոչում շնորհելը»: Այնուհետ տեղի է ունեցել նվերների փոխանակում: Սերժ Սարգսյանը նվիրեց նաև Կենտրոնական բանկի կողմից պատրաստված հուշամեդալ՝ հատուկ այցի կապակցությամբ:

17:51

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա ողջույնի արարողություն: Նախատեսված է առանձնազրույց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո Հայաստանի ղեկավարը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:  

16.36

Գարեգին Բ կաթողիկոսի ուղեկցությամբ Հռոմի պապը դուրս եկավ Մայր Տաճարից և ուղևորվեց Վեհարան: Հռոմի Ֆրանցիսկոս պապին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ողջունել են արգենտինահայ ուխտավորներ` երգով ու ուրախ վանկարկումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մայր տաճարի բակում Պապը մոտեցել է ուխտավորների խմբին, լուսանկարվել նրանց հետ, օրհնություն բաշխել, ապա հրաժեշտ տվել խմբին ու հեռացել:

Նա Բարիգալստյան Հրաշափառի արարողությունից հետո եղել է նաև հին վեհարանի շենքում, այնտեղ անցկացրել մոտ 40 րոպե:

Նշենք, որ այսօր և առաջիկա երկու օրը մայր Աթոռ Սուրբ էջմիածնում է բնակվելու աշխարհի կաթոլիկների հոգևոր  առաջնորդ Ֆրանցիսկոս պապը: Իսկ այսօր ժամը 18.00-ին պաշտոնական ընդունելության  արարողություն է նախատեսված նաև նախագահի նստավայրում:

ՀՀ Նախագահը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին: Դրանից հետո Սրբազան քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռի Վեհարան, որտեղ նրա պաշտոնական կեցավայրն է այցի ընթացքում:

16.10

Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում ողջույնի խոսք են ասում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ողջույնի խոսք են ասում Հռոմի պապն ու Գարեգին Բ–ն։

Գարեգին Բ-ն իր խոսքում նկատել է. 

«Այս պահին ջերմ զգացումներով ենք հիշում 2001 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան: Այն սուրբ Պետրոսի Աթոռի Գահակալի առաջին այցելությունն էր մեր երկիր, որը մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերություններում գործակցության նոր խթան հանդիսացավ: Մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների առավել սերտացման գործում նշանակալի ավանդ եք բերել նաև Դուք՝ Ձեր ծառայագործության հանգրվաններում առանձնակի ջերմություն դրսևորելով Հայ Եկեղեցու և մեր ժողովրդի ն կատմամբ: Ձերդ Սրբության այցելությունը նոր վկայություն է մեր Եկեղեցիների եղբայրության և գործակցության, որը երկուստեք զորացնում է հայ առաքելական ու կաթոլիկ հավատացյալներին և տոգորում լավատեսությամբ, որ մեր կյանքում առավել զգալի պիտի լինեն քրիստոնեական սիրով շաղախյալ մեր հավատքի վկայությունները….Աշխարհում առկա հոգևոր, քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ճգնաժամերի խորացման այս ժամանակաշրջանում առավել քան կարևորվում է Քույր Եկեղեցիների միասնական աղոթքն ու գործակցությունը»:

/disc/24-06-16/0a125ac454d6fe068ee226491b97ef90.jpg

Հռոմի պապն իր խոսքում մասնավորապես նշել է.  «Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ՝ որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգեւ՝ ուրախությամբ ընդունելի և ժրաջանությամբ եւ ուժով պահպանելի: Ինչպես գրեց սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդը, «հայ հասարակության մկրտությամբ ծնունդ է առնում ժողովրդի նոր ինքնություն, որ հայ լինելու անբաժանելի եւ բաղկացուցիչ մաս է դառնալու: Այդ պահից այլեւս անհնար է մտածել, որ տվյալ ինքնության բաղադրիչների շարքին տեղ չգտնի Քրիստոսի հավատը, որպես էական բաղկացուցիչ»: Տերը թող օրհնի ձեզ՝ հավատի այս լուսավոր վկայության համար, որ օրինակելի կերպով ապացուցում է առավել քան հազար 7 հարյուր տարի առաջ ընդունած մկրտության հզոր արդյունավետությունն ու բեղունությունը, մարտիրոսության պերճախոս եւ սուրբ նշանով, որ ձեր ժողովրդ ի պատմության կայուն մասնիկն է դարձել»:

/disc/24-06-16/cff730528c985fd75947fb2fd3990cb9.jpg

15:40

Հազարավոր հավատացյալներ հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մասնակցելու Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Բարիգալստյան` Հրաշափառի արարողությանը:

15.00

Հռոմի Ֆրանցիսկոս պապի օդանավը 4 ժամ տևած թռիչքից հետո  վայրէջք կատարեց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Սրբազան քահանայապետին դիմավորում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:/disc/24-06-16/b678d2171f18cdacab6b4c590d05b935.jpg

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին և Վատիկանի ղեկավարին Հայաստանում դիմավորում են հատուկ արարողակարգով: Սրբազան քահանայապետի դիմավորման արարողությանը մասնակցում էր նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախումբը. ժամանման պահին երեխաների կողմից նրան մատուցվեց  հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ:

Օդանավակայանի նախագահական տերմինալում տեղի կունենա կարճատև զրույց ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ: Այնուհետև սրբազան քահանայապետը կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի կունենա Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը, որից հետո էլ կտրվի ծրագրի պետական մասի պաշտոնական մեկնարկը:

Այնուհետև Սրբազան քահանայապետը կժամանի նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին: Դրանից հետո Սրբազան քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռի Վեհարան, որտեղ նրա պաշտոնական կեցավայրն է այցի ընթացքում:

Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար:

Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ:

Ինչպես տեղեկացնում է Վատիկանի ռադիոն,  Սրբազան Քահանայապետին կուղեկցեն  միջազգային լրատվական գործակալությունները ներկայացնող 75 լրագրող ու գործիչներ,  ինչպես նաև Վատիկանի Պետական քարտուղար Կարդինալ Փիեթրո Փարոլին, Վատիկանի Պետության տեղակալ Գերապայծառ Անջելո Պեչչուն և Արեւելյան Եկեղեցիների Ժողովի կառավարիչ Կարդինալ Լեոնարդո Սանտրին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում