ՀՀ-ի ներքաղաքական կայունությունը հիմնական խաղաքարտն է՝ գրավելու տարածաշրջանային խաղացողների ուշադրությունը (տեսանյութ)

ՀՀ-ի ներքաղաքական կայունությունը հիմնական խաղաքարտն է՝ գրավելու  տարածաշրջանային խաղացողների ուշադրությունը (տեսանյութ)

Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո տարածաշրջանում տեղի ունեցան արմատական փոփոխություններ. երկիրն արդեն նոր ձևով որպես կարևոր խաղացող տարածաշրջանում հայտնվեց: Այս մասին «Անդրկովկասը քաոսի և զարգացման միջև. մերձարևելյան անկայունության գոտուց դեպի եվրասիական ելք՝ ներդրումների ազատ միջանցք և երկաթյա վարագույր ահաբեկչության համար» խորագրով կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ սրա արդյունքում Հայաստանի դերը տարածաշրջանում ևս մեծացավ, քանի որ այն ԵԱՏՄ այն երկիրն է, որն Իրանի անմիջական հարևանն է:

 Ըստ նրա՝ Իրանի վերադարձը մեծ քաղաքականություն ևս կայունացնող հանգամանք է տարածաշրջանում, ինչպես ՌԴ-ի դեպքում: Ըստ այդմ՝ Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունները կարող են կարևոր դեր ունենալ ոչ միայն Իրան-Հայաստան հարաբերություններում, այլև ԵԱՏՄ-Իրան:

Իրանագետի խոսքով, հնարավորություն է ստեղծվել Վրաստանին ներքաշել տարածաշրջանային համագործակցության մեջ՝ Հայաստանի մասնակցությամբ և ՌԴ-ի ու Իրանի աջակցությամբ՝ առաջարկելով այլընտրանք թուրք-ադրբեջանական ալյանսին: Վարդան Ոսկանյանն այստեղ հիշեցրեց, որ արդեն իսկ քառակողմ ձևաչափ կա հաստատված էլեկտրանէներգիայի ոլորտում: 

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ Ռուսաստանն Ադրբեջանին Թուրքիայից պոկելու համար կփորձի մղել նրան դեպի Իրան, իրանագետը նկատեց, որ սա ՀՀ-ի համար մտահոգության առիթ է.«Լավ կլինի, որ Ռուսաստանը չկրկնի Թուրքիայի հետ կատարած «լոլիկային կարճաժամկետ սխալը», քանի որ Ադրբեջանի դերի մեծացումը և ընդգրկումը Իրան-ՌԴ համագործակցային ծրագրերում բերելու է կոլապսի, ինչը տեսանք Թուրքիայի դեպքում»:

Ոսկանյանի կարծիքով, որոշ  դեպքերում Հայաստանը կարող է թվալ պակաս գրավիչ, քան Ադրբեջանը, բայց Հայաստանը թե՛ Իրանին, թե՛ ՌԴ-ին ապացուցել է, որ հանդիսանում է կայուն և վստահելի գործընկեր. «ՀՀ-ի ներքաղաքական կայունությունը մեր հիմնական խաղաքարտն է այս դեպքում, երկրորդ՝ Հայաստանը»:

Հանդիպմանը ներկա վրացագետ Ջոնի Մելիքյանը նկատեց, որ Իրանը հետաքրքրված է վրացական նավահանգիստներով, Վրաստանն էլ իրանական ներդրումներով: Ըստ նրա՝ վերջին տարում  ուղիղ ներդրումներն Իրանից Վրաստան կազմել են  0.10 տոկոս: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում