Ռուս-թուրքական հարաբերություններն առաջվանը չեն լինի. ինքնաթիռի դեպքը նստվածք է թողել. Քաղաքագետ

Ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը սպասելի էր, քանի որ 2015-ին ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով ստեղծված  ճգնաժամային իրավիճակը ձեռնտու չէր ոչ Ռուսաստանին, ոչ էլ Թուրքիային: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նկատելով, որ Սու-24-ի միջադեպից հետո Ռուսաստանը նվազեցրեց իր մասնակցությունը սիրիական գործողություններին:

«Անկարան ու Մոսկվան միանգամայն նույն իրավիճակում են գտնվում՝ երկուսն էլ մեկուսացվել են Արևմուտքից, Անկարան նյարդայնացնում է Արևմուտքին, հատկապես՝ Վաշինգտոնին: Ռուսաստանը ևս բարդ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ՝ պատժամիջոցներ, ռուբլու անկում: Այնպես որ իրավիճակը փայլուն չէ, և այս ամենի հետ  մեկտեղ ունենալ ռուս-թուրքական վատ հարաբերություններ, երկու կողմին էլ բնավ պետք չէ: Ուստի փորձ արվեց գտնել մի այնպիսի ձևաչափ, որ  դուրս գալով ստեղծված իրավիճակից՝ չկորցնեն իրենց «դեմքը»»,- նշեց Իսկանդարյանը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի համար Թուրքիան 7-րդ տնտեսական գործընկերն է, Թուրքիայի համար Ռուսաստանը՝ 2-րդ:

Միաժամանակ քաղաքագետը նկատեց, որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները նախկինի պես չեն լինի. ռուսական ինթնաթիռի խոցման և ռուս օդաչուի սպանության փաստերը «նստվածք» են թողել և կողմերը զգուշավոր են լինելու: 

Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքին, ապա քաղաքագետի մոտ այն ծիծաղ է առաջացնում. «Հայերը պանիկայի մեջ են, երբ ռուսները թուրքերի հետ լավ հարաբերությունների մեջ են, պանիկայի մեջ են, երբ հարաբերությունները վատ են: Մինչդեռ  սա որևէ կերպ  չի ազդի  հայ-ռուսական կամ հայ-թուրքական հարաբերությունների վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում