Թուրքիան Հայաստանի հանդեպ կշարունակի նույն քաղաքականությունը. Կիրո Մանոյան

Թուրքիան Հայաստանի հանդեպ կշարունակի նույն քաղաքականությունը. Կիրո Մանոյան

Հեղաշրջման ձախողումից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կշարունակի իր քաղաքականությունը, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթ չեն: Միանշանակ պարզ չէ նաև, թե հաջողության հասնելու դեպքում ինչ քաղաքականություն կվարեին զինվորականները Թուրքիայում և Հայաստանի վրա դա ինչ ազդեցություն կունենար: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին: «Թուրքիայի բանակը հայտնի է եղել իր շատ ավելի կոշտ քաղաքականությամբ արտաքին մի շարք հարցերում, այդ թվում` հայկական հարցի առնչությամբ: Չենք կարող ասել, որ հաջողվելու դեպքում անպայման Հայաստանի համար դրական կլիներ: Ներկայում ձախողումից հետո կարող եմ ասել, որ Էրդողանը կշարունակի իր քաղաքականությունը, այսինքն` Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթ չեն, իսկ այս փորձից հետո առավել ևս չեն լինի: Թուրքիան կշարունակի իր այդ նույն քաղաքականությունը: Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները սերտ են ու սերտ էլ կմնան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին, քաղաքական գործիչը նկատեց, որ հետագա մերձեցումը կարող է մեզ համար մտահոգիչ դառնալ: «Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ տնտեսական նպատակներից ելնելով է, դա մեզ համար ինչ-որ առումով նպաստավոր չէ: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը մտահոգիչ է, իսկ եթե Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները վերստին ունենան այն ձևը, ինչ առկա էին մինչ ինքնաթիռի խոցումը, դա արդեն կարող է էլ ավելի մտահոգիչ լինել, քանի որ տնտեսական կապերը կարող են սերտաճել ռազմականի»,– ավելացրեց ՀՅԴ-ական գործիչը: Նրա խոսքով` Հայաստանը պետք է զգոն և ուշադիր լինի, հետևի բոլոր իրադարձություններին իր շահերը ճիշտ պաշտպանելու համար:

Կիրո Մանոյանի կարծիքով` ներքին հարցերից ուշադրությունը շեղելու քաղաքականություն Թուրքիան կվարի ոչ միայն Ղարաբաղի հարցով, այլև մի շարք այլ արտաքին խնդիրներով, բայց ներքին խնդիրներն այնքան խորն են, որ կստիպեն իշխանություններին առերեսվել այդ հարցին: «Ինտրիգներ պետք է սպասել տարածաշրջանային քաղաքականության մեջ, դրա համար էլ անհրաժեշտ է, որ լինենք զգոն ու միակամ, չեմ ասում բոլոր հարցերում միակարծիք, բայց հիմնական թիրախները նույնը պետք է լինեն բոլորիս համար»,– եզրափակեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում