ՊՊԾ գնդում պատանդված բժիշկներ կան. 3 տղամարդ և մեկ կին

Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին,  որ պատանդ են վերցվել «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողներ՝ բժիշկներ Նորայր Թևանյանն ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը, բուժքույր Մալինա Մարգարյանը:

«Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ: Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է անբարո այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի: Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկները անհ րաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաև զինյալ խմբի անդամներին»,-ասված է տարածված կոչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում