Դեսպան Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հուլիսի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Իտալիայի նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան` հավաստիացնելով, որ Իտալիայի պետական ատյաններն իրենց աջակցությունը կբերեն Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին:

Դեսպան Բաղդասարյանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունը էլ ավելի խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:

Երկուստեք ընդգծվել է, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ընդհանուր արժեհամակարգը, ինչպես նաև Իտալիայում դարերի ներկայություն ունեցող հայ համայքը կարևոր հիմք են հանդիսանում Հայաստանի և Իտալիայի միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում