Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը քայլեր կձեռնարկեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման ուղղությամբ

Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը միջոցներ կձեռնարկեն տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում` «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման գծով:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության  տեղեկություններով այս մասին ասվում է Բաքվում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոուհանիի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում:

«Կողմերը մտադիր են արդյունավետ քայլեր ձեռնարկել տրանսպորտահաղորդակցային ենթակառուցվածքի զարգացման համար՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ բարելավելու ուղևորների եւ ապրանքների փոխադրման առկա հնարավորությունները», –ասվում է հայտարարագրի նախագծում, որը պետք է երեք երկրների առաջնորդները հավանության արժանացնեն Բաքվում գագաթաժողովի արդյունքներով:

Նշվում է նաև, որ Մոսկվան Թեհրանը եւ Բաքուն մտադիր են հետագայում ևս «ներդրում կատարել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակում երկաթուղային ճանապարհների միացման եւ արդյունավետության բարձրացման նոր նախագծերում»:

«Հյուսիս-Հարավ» միջանցքը կոչված է միացնել Հյուսիսային Եվրոպան Հարավ-Արևելյան Ասիայի հետ: Նախագծի իրականացման ընթացքում կմիացվեն Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի երկաթուղային ճանապարհները: Առաջին փուլում «Հյուսիս-Հարավ» միջանցքով ծրագրվում է տարեկան 5 մլն տ բեռ փոխադրել, իսկ հետագայում` 10 մլն տոննայից ավելի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում