Հայաստանում պետական գնումների գործընթացին մասնակցող կազմակերպությունները պետք է բացահայտեն իրական սեփականատերերին

Հայաստանում պետական գնումների գործընթացին մասնակցող կազմակերպությունները պետք է բացահայտեն իրական սեփականատերերին

Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են Հայաստանում մասնակցել պետական գնումների գործընթացին, պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին: Կառավարության նիստում ներկայացնելով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, մասնավորապես, իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման հարցին, այդ մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այդ խնդրի իրագործումը սկսելու են պետական գնումների ոլորտից:

Ըստ նրա՝ ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ աշխարհն այսօր շարժվում է իրական սեփականատերերի բացահայտման իսնտիտուտի ներդրման ուղղությամբ: Հովհաննիսյանի խոսքով՝ իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված նշանակալի քայլ է կատարել Եվրոպական Միությունը՝ ընդունելով Փողերի լվացման դեմ 4-րդ՝ 2015/849 թվակիր դիրեկտիվը, որի համաձայն Եվրոպական միության բոլոր անդամ երկրները պարտավոր են ստանալ և պահպանել իրենց տարածքում գրանցված ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ համաչափ, հստակ և թարմ տեղեկատվություն։

«Բացի դրանից ներկայումս իրական սեփականատերերի գրանցման հանրային գրանցամատյաններ են ստեղծվել Մեծ Բրիտանիայում,Սլովակիայում, Դանիայում, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև Նորվեգիայում: Սակայն պետք է փաստել, որ աշխարհում այսօր չկա հաջողված ու կիրառված այնպիսի վերջնական փորձ, որը ապացուցել է իր կենսունակությունը, որի բոլոր թերությունները սկզբունքներն հաշվի են առնվել և որը կարելի է միանգամից ներդնել ՀՀ-ում: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք կատարել առաջին փոքր, սակայն կարևոր քայլերը այս ուղղությամբ: Մենք որոշել ենք սկսել մեր համար կարևորագույն ոլորտներից մեկից, այն է` պետական գնումների ոլորտից»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Հովհաննիսյանը նշեց, որ այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են մասնակցել պետական գնումների գործընթացին պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին, ընդ որում բացահայտումը պետք է իրականացվի ֆիզիկական անձանց մակարդակով, ոչ թե միայն համապատասխան բաժնեմաս ունեցող ընկերությունների մակարդակով: «Իրական սեփականատեր ասելով՝ հասկանում ենք այն անձանց, ովքեր ընկերությունում ուղղակի կամ անուղղակի կերպով ունեն 10 տոկոս բաժնեմաս, կամ իրավունք ունեն իրավունք ունեն նշանակել կամ ազատել իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամներ ին, կամ ստանում են իրավաբանական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի տասնհինգ տոկոսից ավելին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները»,- ասաց նախարարը:

Միաժամանակ նա կարևորեց այն հանգամանքը, որ անձը ոչ միայն պետք է հայտարարություն ներկայացնի, թե ովքեր են իր իրական սեփականատերերը,այլ նաև պետք է ներկայացնի իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն իր կողմից արված հայտարարությունները: Խախտման համար պետք է նախատեսվի պատասխանատվություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում