Կառավարությունը նոր քայլեր կիրականացնի ապօրինի հարստացման դեմ

Կառավարությունը նոր քայլեր կիրականացնի ապօրինի հարստացման դեմ

ՀՀ արդարադատության նախարարությունն ապօրինի հարստացման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով ներկայացնելու է օրենսդրական նոր փաթեթ: Կառավարության նիստում ներկայացնելով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, մասնավորապես, ապօրինի հարստացմանը, այդ մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Խոսքը վերաբերում է նրան, որ եթե պաշտոնատար անձն ունի գույքի և եկամուտների զգալի աճ և չի կարողանում հիմնավորել, թե որտեղից է դա և այն անհամադրելի է իր օրինական եկամտի հետ, ապա իրավասու մարմինները կարող են պահանջել հիմնավորել անհամապատասխանությունը եկամուտների և գույքի աճի և իր օրինական եկամուտի միջև: Եթե պաշտոնատար անձը չի կարողանում հիմնավորել այս անհամապատասխանությունը, ապա այս դեպքում վրա է հասնում պատասխանատվություն: Իհարկե, այս տեսանկյունից պետք է նշել, որ նման մոտեցումն անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ որոշակի խնդիրներ կարող է ունենալ, սակայն մենք ուսումնասիրել են հարցը, բազմաթիվ քննարկումներ են եղել ոլորտի մասնագետների հետ, այստեղ չկա անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ խնդիր, այլ պարզապես օրենքով անձի վրա դրվում է պարտականություն հիմնավորել իր ծախսերի կամ գույքի զգալի աճի և դրանց և իր օրինական եկամուտների միջև անհամամասնության առկայությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ եթե ներկայացվում է պատշաճ հիմնավորում, ապա որևէ խնդիր բնականաբար չի ծագում, եթե ոչ՝ վրա է հասնումպպատասխանատվություն: Սակայն, Հովհաննիսյանի կարծիքով, ինքնին ապօրինի հարստացման փաթեթը բավարար չէ բոլոր խնդիրները կարգավորելու համար և անհրաժեշտ է նախատեսել այլ կարգավորումներ ևս: «Հենց սրան է ուղղված մեր կողմից առաջարկվող հաջորդ փաթեթը: Նույն ապօրինի հարստացման գործերի դեպքում անձինք կարող են կնքել շինծու փոխառության գործարքներ և դրանով օրինականացնել իրենց ապօրինի եկամուտները կամ գույքը: Այս առումով, կարծում ենք, գործուն երաշխիք կլինի կանխիկ գործառնությունների սահմանափակման հետ կապված օրենսդրական փաթեթը։ Մասնավորապես՝ պետք է արգելվեն որոշակի գումարից բարձր փոխառությունների կանխիկ կատարումը, դրանք կատարելով բացառապես բանկային փոխանցումների միջոցով, բացի դրանից որոշակի գումարից բարձր անշարժ գույքի գործարքները նույնպես պետք է կատարվեն բացառապես բանկային փոխանցումների միջոցով։ Կարծում եմ, այս և մի շարք այլ քայլերը, օրինակ՝ ներկայումս ուսումնասիրում ենք նաև միջազգային փորձը պաշտոնյաների արտասահմանյան հաշիվներ ունենալու կամ չունենալու կամ դրանք հայտարարագրելու վերաբերյալ, թույլ կտան առավել արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ»,- ասաց Արդարադատության նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում