Նախագահի անձնական լուսանկարչի «Պատմություններ ճանապարհից» ցուցահանդեսը հանրայնացնում է նաև բացառիկը

ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը «Պատմություններ ճանապարհից» խորագրով իր առաջին ցուցահանդեսով հանդիսատեսի դատին է ներկայացրել արդեն հրապարակված ու բացառիկ լուսանկարներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շուրջ 40 լուսանկարներում կարելի է տեսնել ՀՀ նախագահին, համաշխարհային դեմքերին ու սովորական մարդկանց՝ կուլիսներից ներս ու դուրս:

Դավիթ Հակոբյանը լուսանկարչությամբ զբաղվում է 2002-ից: 2007-ից աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, որպես ֆոտոլրագրող: 2010-ից ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչն է: Ստեղծման օրվանից PAN Photo-ի թիմի անդամ է:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ, Դավիթ Հակոբյանի գործընկերներն ու հարազատները:

Օրվա հերոսի` Դավիթ Հակոբյանի խոսքով` յուրաքանչյուր լուսանկարչի երազանքն է ունենալ անձնական ցուցահանդես, ինչն իրեն այս փուլում հաջողվեց: «Լուսանկարներ կան` 2004 թվականից սկսած մինչև վերջին օրերը: Կան լուսանկարներ, որոնք հրապարակվել էին ու կան այնպիսինները, որ առաջին անգամ են հրապարակվում: Բոլորը հիշողություններ են ու պատմություններ ճանապարհներից, քանի որ աշխատանքի բերումով շատ ենք ճանապարհորդում»,- ասաց արդեն 6 տարի ՀՀ նախագահի լուսանկարչի դերը ստանձնած Դավիթ Հակոբյանը: Հարցին ի պատասխան, թե որ լուսանկարն է հատկապես տպա վորիչ իր համար` նա նշեց. «Այդպիսի նկարները շատ են, բայց երևի թե ամենաշատը այն մեկը, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանան գետում է, ուր Հիսուս Քրիստոսը կնքվել է: Լուսանկար (խմբ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանան գետում 30.10. 2014), որը հրապարակված չի եղել, այսօր առաջին անգամ է ցուցադրվում: Կամ Ճապոնիայի կայսեր լուսանկարն է շատ տպավորիչ»,- նշեց լուսանկարիչը:

Դավիթ Հակոբյանը նկատեց` երբեմն լինում են առիթներ, երբ զսպում է էմոցիաներն ու որսում պատմական պահը: Վերջին այդպիսի դեպքը Արթուր Ալեքսանյանի` Օլիմպիական չեմպիոն դառնալն էր: «Չգիտեի` ուրախանայի, թե լուսանկարեի, բայց ընտրեցի նկարելը: Ու ստացվեց կադրը, որում նախագահը ձեռքերը վեր ուրախանում է»:

Դավիթ Հակոբյանի տեղեկացմամբ` նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ է ցուցահանդեսից, տեսել է լուսանկարներն ու դրական արտահայտվել:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Դավիթի նկարներն իրեն միշտ գրավել են ու անգամ իր աշխատասենյակում նախագահի պաշտոնական լուսանկարի փոխարեն կախված է Դավիթ Հակոբյանի հեղինակած նկարը, որտեղ Սերժ Սարգսյանը Կրեմլի պալատում է (լուսանկարն այս վերտառությամբ է` ՀՀ նախագահը Կրեմլի պալատում 21.12.2011): «Նայելով այս լուսանկարներին` մենք տեսնում ենք ամենատարբեր քաղաքական գործիչների բնավորությունը, դիրքորոշումը, իրոք հիշում ենք այն պահերը, որ այդ լուսանկարներն արվել են: Հիշում ենք դրանց հետ կապված հանդիպումները, բանակցությունները: Շնորհակալ ենք Դավիթին իրոք շատ հրաշալի ցուցահանդեսի համար»,– ասաց Վիգեն Սարգսյանը:

ՀՀ նախագահի նախկին անձնական լուսանկարիչ Մարտին Շահբազյանի խոսքով` ինքն այնքան ուրախ է, որ կարծես իր ցուցահանդեսը լինի: Մարտին Շահբազյանին հաճելիորեն զարմացրել է Դավիթ Հակոբյանի համարձակությունն այդ տարիքում նման ցուցահանես ունենալու: «Ես իր տարիքում ռիսկ չեմ արել ցուցահանդես ունենալ: Ապրի ինքը, որ գնացել է այդ ռիսկին ու բացել այս ցուցահանդեսը»,- նշեց ավագ լուսանկարիչը: Նա նկատեց, որ թեև լուսանկարչական տեխնիկային տիրապետողների թիվը շատացել է, բայց կարևորը ստեծագործական հետաքրքիր միտք ցուցաբերելն է, որը Դավիթի մոտ ստացվում է: «Նա շատ շուտ կարողացավ ընկալել ու մտնել շատ բարձր դասի լուսանկարիչների շարքը»,-հավելեց նա:

Անդրադառնալով հարցին, թե որ լուսանկարն է նրան ամենաշատը դուր եկել` Մարտին Շահբազյանը ցույց տվեց իր թիկունքում կախված ցուցանմուշը` «Արարատ լեռը` հայ-ադրբեջանական սահմանագծից 31.12.2014» անվանումով: «Սա է ամենալավ նկարը, այն է, որ ես եմ ուզում: Սա պիտի աչք ունենաս, որ նկարես: Պիտի պաշտոնականը մի կողմ թողնես ու շուռ գաս այս գեղեցկությունը նկարելու: Քանի որ ամեն մարդ չի լինում այդ վայրում: Մարդը հավանում է այն, ինչ ինքն անձամբ չի տեսնում: Մարդը բարձունքից նկարները սիրում է, քանի որ այդ կետից ինքը դա չի տեսել: Պետք է գտնես ճիշտ ռակ ուրսը»,- ավելացրեց Մարտին Շահբազյանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ուրախ է, որ երիտասարդ լուսանկարչին տրվել է հնարավորություն ցուցադրել իր լուսանկարները, որոնք արվեստի գործեր են: «Նայելով յուրաքանչյուր լուսանկարի, պարզ երևում է, որ այն արվեստ է, փաստավավերագրում չէ: Իսկ արվեստի մեջ որքան շատ մարդ ներգրավված լինի, մեր կյանքն ու ապագան էլ ավելի լավը կլինի»,– հավելեց մշակույթի նախարարը: Նրա խոսքով` Դավիթ Հակոբյանի նկարներից երևում է մարդը` իր զգացմունքներով, լինի պաշտոնյա, թե հասարակ մարդ:

Ցուցահանդեսը բացվել է ՀՀ նկարիչների միությունում, այն կգործի օգոստոսի 29-30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում