«Հայոց Աշխարհ». Ինչո՞ւ անկում գրանցվեց

Հուլիսին Հայաստանում արձանագրված տնտեսական ցուցանիշները հնարավոր է առաջիկայում ճշգրտվեն։ Դրանք, ըստ էության, անակնկալ են եղել կառավարության համար։ Թեեւ ի հայտ եկած նոր խնդիրներին, վերջինս անկման այդպիսի պատկեր չի ակնկալել։ Պատահական չէր, որ վիճծառայության հրապարակումից հետո էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ պատրաստվում են ուսումնասիրել տնտեսական անկման պատճառները։ Ուսումնասիրություններից հետո անցած շաբաթվա վերջին, մեր տեղեկություններով, կառավարությունում տեղի է ունեցել քննարկում։ Պարզվել է, որ որոշ ցուցանիշներում առկա են անհամապատասխանություններ։ Տնտեսական ոլորտի գերատեսչությունների առանձին տվյալներ չեն համընկնում վիճակագրական ծառայության ցուցանիշների հետ։ Ո՞րն է դրա պատճառը, հայտնի չէ։

Ամեն դեպքում, սպասվում է, որ անհամապատասխանությունները կշտկվեն վիճծառայության կողմից հուլիսի տնտեսական ակտիվության վերջնական արդյունքների հրապարակման ժամանակ։ Հիշեցնենք, որ դա լինում է հաջորդ ամսվա վերջին օրը։ Մինչ այդ տնտեսական ակտիվության ցուցանիշը հրապարակվում է օպերատիվ տվյալների հիման վրա։

Անհամապատասխանությունների վերացումից հետո ինչքանո՞վ կփոխվեն տնտեսական արդյունքները կամ ընդհանրապես կփոխվե՞ն, թե՞ ոչ, պարզ կլինի վաղը։ Անկախ դրանից կասկած չկա, որ ցուցանիշների ճշգրտումը բազմաթիվ խոսակցությունների տեղիք կտա։ Առանց այդ էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում վիճակագրական տվյալների նկատմամբ վստահության խիստ պակաս կա։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ դրանք երբեմն¬երբեմն ենթարկվում են ճշգրտումների։

Ավելին, մի քանի ամիս առաջ վիճծառայությունն աճի այնպիսի ցուցանիշներ էր հրապարակել ներկրումների վերաբերյալ, որ մի պահ թվաց, թե ներքին սպառման պահանջարկը շեշտակի ավելացել է։ Հետո իհարկե, հերքվեց, որ նման բան է տեղի ունեցել։ Ու դա հիմնավորվեց նրանով, որ մի շարք կազմակերպություններ սխալմամբ անհավանական մեծ թվեր են ներկայացրել։

Հերթական անգամ վիճծառայությունը կանգնած է ցուցանիշները ճշգրտելու խնդրի առջեւ։ Իհարկե, իր հրապարակումներում վերջինս հիմնվում է կազմակերպություններից ստացված տվյալների վրա։ Եթե դրանք հավաստի չեն, անշուշտ, այս կառույցը մեղավորություն չունի։ Սակայն երբեմն լինում են ակնհայտ վրիպումներ, որոնք դժվար է չնկատել։ Գոնե նման սխալները վիճծառայությունը պարտավոր է ճշտել՝ մինչեւ հրապարակելը։ Վերջին հաշվով դա առաջին հերթին հարվածում է իր, առանց այն էլ, ցածր հեղինակությանը։

Ինչեւէ, մինչ մեկ օր անց պարզ կլինի, թե հուլիսի ցուցանիշները որքանով կճշգրտվեն, նշենք, որ այդ ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ոչ միայն աճ չգրանցվեց, այլեւ արձանագրվեց 4,3¬տոկոսանոց անկում։ Սա տարօինակ էր այնքանով, որ տեւական ժամանակ տնտեսության մեջ նման դրսեւորումներ չէին նկատվել։

Անշուշտ, հուլիսին տնտեսական գործընթացների վրա բացասական ազդեցություն ունեցող բավական պատճառներ կային։ Սակայն արդյո՞ք դրանք բավարար էին նման անկում գրանցելու համար։ Նույնիսկ ղարաբաղա¬ադրբեջանական ապրիլյան սրացումների ժամանակ Հայաստանում տնտեսական ակտիվությունը չնվազեց։

Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրել, որ հուլիսին ձեւավորված միջավայրը տնտեսական գործընթացների համար բավականչափ լարված էր։ Դա կապված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին որոշ գործոնների հետ։

Ինչպես հայտնի է, փլուզումների հետեւանքով հունիսի վերջից դադարեց գործել Վերին Լարսի անցակետը, որով իրականացվում են Հայաստանի բեռնափոխադրումների մեծ մասը։ Ճանապարհային այս հանգույցը շարունակեց փակ մնալ նաեւ հուլիսի առաջին կեսին։ Որքան էլ այդ շրջանում հայաստանյան փոխադրումներն իրականացվում էին լաստանավով, այնուամենայնիվ հասկանալի է, որ այն չէր կարող լիարժեք փոխարինել ցամաքային ճանապարհին։ Բազմաթիվ, հատկապես փոքր տնտեսավարողներ, որոնց համար լաստանավից օգտվելը՝ թանկ լինելու պատճառով այնքան էլ ձեռնտու չէ, ստիպված էին հետաձգել իրենց ապրանքների տեղափոխումը կամ ընդհանրապես հրաժարվել դրանից։

Հուլիսի երկրորդ կեսից Վերին Լարսի անցակետի գործունեությունը վերականգնվեց։ Սակայն մինչեւ այժմ ճանապարհային այս հանգույցը անհասկանալի պատճառներով շահագործվում է, այսպես ասած, ոչ լիարժեք ռեժիմով։ Գիշերային ժամերին այն շարունակում է փակված մնալ՝ որոշակի դժվարություններ ստեղծելով բեռնափոխադրումների համար։

Վերին Լարսի անցակետի հետ կապված իրավիճակը անշուշտ չէր կարող չազդել Հայաստանի տնտեսական գործընթացների վրա։ Պատահական չէր, որ թեեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ գերազանցապես արտահանման աճով պայմանավորված, ավելացավ, այնուհանդերձ հունիսի նկատմամբ դրսեւորվեցին բացասական միտումներ։ Կրճատվեց ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։

Հուլիսին բեռնափոխադրումների հետ կապված դժվարությունները լիարժեք չհաղթահարած՝ տնտեսությունը կանգնեց ներքին միջավայրից թելադրված նոր ռիսկերի առջեւ։ Խոսքը՝ ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով առաջացած քաղաքական լարվածության մասին է։ Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե դա քիչ կապ ունի տնտեսական գործընթացների հետ։ Իրականում սակայն այնքան էլ այդպես չէ։ Տնտեսությունը շատ զգայուն է այդպիսի իրադարձությունների նկատմամբ եւ չէր կարող չարձագանքել այդ իրավիճակին։ Նման պայմաններում տնտեսավարողների մոտ ձեւավորվում են որոշակի սպասումներ՝ ազդելով նրանց վարքագծի վրա։ Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է ներդրումներին։

Սրանք այն երկու կարեւոր գործոններ էին, որոնք հուլիսին ազդեցին Հայաստանի գործարար միջավայրի եւ տնտեսական ցուցանիշների վրա։ Սակայն կառավարությունը հույս ունի, որ այդ ազդեցությունն այնքան մեծ չի եղել, որքան ցույց են տալիս վիճծառայության հրապարակած օպերատիվ տվյալները։

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում