Իրանը համագործակցության համաձայնագրեր է ստորագրել արտասահմանյան յոթ նավթընկերությունների հետ

Իրանի ազգային նավթընկերությունը երկրի հանքավայրերի հետազոտման վերաբերյալ համաձայնագրեր է ստորագրել արտասահմանյան յոթ ընկերությունների հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

«Իրանական հանքավայրերի հետազոտման պարտավորագրեր են ստորագրվել ավստրալական OMV-ի, ֆրանսիական Total-ի, գերմանական Wintershall-ի, ինդոնեզական Pertamina-ի եւ ռուսական «Լուկօյլ»-ի ու «Զառուբեժնեւտ»-ի հետ»,- ասել է ընկերության ղեկավար Ալի Քադորը:

Նա նաեւ նշել է, որ Իրանը նավթի հանքավայրերի շահագործման նոր կանոններով արտավորագրերի կնքման առաջին հայտամրցույթը կհայտարարի հոկտեմբերին:

«Նավթային պարտավորագրերի կնքման նոր մոդելով հանքավայրի շահագործման առաջին հայտամրցույթը կհայտարարվի մինչեւ իրանական մեհր ամսվա (ավարտվում է հոկտեմբերի 21-ին) վերջը: Հանքավայրերի ցուցակում, որոնց շահագործման պարտավորագրերը ծրագրվում է կնքել նոր կանոններով, առաջինը Հարավային Ազադեգան հանքավայրն է (Իրանի Խուզիստանի հարավարեւմտյան նահանգ),– հայտնել է նա:

Ավելի վաղ Քադորը հայտարարել է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում ծրագրվում է նոր կանոններով ստորագրել 25 միլիարդ դոլար գումարի պարտավորագրեր: Օգոստոսի սկզբին Իրանի խորհրդարան է հանձնվել կառավարության մշակած «Նավթի եւ գազի պայմանագրերի ընդհանուր պայմանների, սկզբունքների եւ ձեւերի մասին» փաստաթուղթը:

Երկրի նավթի նախարար Բիժան Զանգանեի խոսքով՝ իր գերատեսչության պատրաստած նախագիծը նախատեսում է արտասահմանյան ընկերությունների համար Իրանի նավթի եւ գազի հանքավայրերի յուրացման հայտամրցույթների հայտարարման պայմանների փոփոխում: «Այդ պայմանները կնպաստեն վերացնելու (Իրանի նկատմամբ) անվստահությունը եւ կօժանդակեն Իրանի շուկա ներդրողների եւ միջազգային նավթընկերությունների մտնելուն»,- հուլիսին ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում