«Հակաանկախական ուժերի հետ Անկախություն նշելու ցանկություն չունեն» (տեսանյութ)

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու Անկախության 25-ամյակին նվիրված  պետական միջոցառումներին. ամեն տարվա պես իրենք առանձին են նշելու:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: 

«Ես, մեր կուսակցության պատգամավորները հրավիրված ենք, բայց չենք մասնակցելու: Տեր-Պետրոսյանը ևս  չի մասնակցելու: Մենք հակաանկախական, անկախությանը դեմ քաղաքական ուժերի հետ Անկախություն նշելու ցանկություն չունենք: Մենք միշտ նշել ենք առանձին, դարձյալ կնշենք առանձին, և սա այն քաղաքական ուժերի ու անձերի հետ, որոնք ներդրում են ունեն մեր Անկախության համար, պայքարել են հանուն դրա: Իսկ այս իշխանություններն Անկախությունը ծվատող, ոչնչացնող, մեր երկրի ինքնուրույնությունը մսխող  քաղաքական  ուժ է»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն օրերս կայացած նիստում առաջարկել էր կոչով դիմել երեք նախագահներին՝ Անկախության օրը միասին անցկացնելու համար: Ի դեպ, ինչպես հայտնի է  մամուլից, ՀՀ երկրորդ նախագահն էլ այդ օրը Հայաստանում չի լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում