Մենք գտնվում ենք ռուսական «միջուկային անձրևանոցի» տակ, ինչը չունի Ադրբեջանը. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն «Անդրկովկասը ինտեգրացիոն պրոյեկտներում. ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» թեմայով քննարկմանը հերթական անգամ շեշտեց, որ ինտեգրացիոն ուղղություն ընտրելիս պետք է հաշվի առնել թե՛ ռազմական, և թե՛ տնտեսական հեռանկարները, որովհետև ցանկացած տնտեսական տարածություն, որի անվտանգությունը երաշխավորված չէ, դատապարտված է ձախողման: Հարությունյանը որպես ապացույց հիշեցրեց՝  ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները ՀԱՊԿ անդամ են, այնպես ինչպես  ԵՄ-ի անդամ-երկրները ՆԱՏՕ-ի տանիքի տակ են:

Ըստ այդմ՝ Հայաստանը չի սխալվել՝ անդամագրվելով Եվրասիական տնտեսական միությանը, մինչդեռ Վրաստանը և Ուկրաինան չնայած գործադրած ջանքերին այդպես էլ ոչ ԵՄ, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ դարձան, փոխարենն ունեցան տարածքային կորուստներ և պատերազմական իրավիճակ: 

«Վրաստանը, Ուկրաինան առաջիկա 20 տարում ԵՄ անդամ չեն դառնա, չնայած՝ Եվրամիության դրոշներն անգամ իրենց պետական կառույցների դիմաց են տեղադրում: Դրա համար մեր ինտեգրացիան ԵԱՏՄ-ի կողմն է:  Այո, մենք երկար տարիներ բանակցում էինք ԵՄ-ի հետ, բայց նրանք մեզ ընտրության առաջ դրեցին՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ, մենք էլ ստիպված ընտրություն կատարեցինք՝ հաշվի առնելով, կրկնում եմ, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական գործոնները, որոնք անբաժան են»,- ընդգծեց Հարությունյանը՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի անվտանգությունը չի երաշխավորում Վարդան Օսկանյանի ԱԳ նախարար եղած ժամանակ կնքած համաձայնագրով: 

Վաղարշակ Հարությունյանն ընդգծեց՝ Ադրբեջանն այս տարիներին ունենալով նավթադոլարներ  չի կարողանում խախտել ուժերի հավասարակշռությունը, դրանով իսկ չի կարողանում  լայնամասշտաբ պատերազմ սկսել ԼՂՀ-ի դեմ, սա  շնորհիվ Ռուսաստան-Հայաստան ռազմական համագործակցության:

Այս համատեքստում պաշտպանության նախկին նախարարը հիշեցրեց միացյալ ՀՕՊ համակարգ ունենալու  վերջին համաձայնագրի մասին:

«Մենք ՀԱՊԿ անդամ ենք, ռուսական բազա ունենք Հայաստանում, ավելին՝ ՌԴ դոկտրինում կետ կա, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել՝ ՌԴ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ ագրեսիայի պարագայում: Այսինքն՝ մեզ գերտերությունները չեն վախեցնում, քանի որ գտնվում ենք «միջուկային անձրևանոցի» տակ, ինչը չունի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը»,- նկատեց Վաղարշակ Հարությունյանը՝ շեշտելով, որ Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որն ապահովում է իր անվտանգությունը գլոբալ մակարդակում. «Բացի ՀՕՊ համակարգից, որի նմանը ոչ մեկ տարածաշրջանում չունի, չկան  նաև հրթիռային և հարվածային այնպիսի  միջոցներ, ինչպիսին մենք ունենք, որոնք ծածկում են այսպես ասած՝ ամբողջ դիապազոնը: Մենք այնպիսի զսպման մեխանիզմներ ունենք, որ թույլ չեն տալիս պատերազմ սկսել ոչ միայն Ադրբեջանին, այլ առհասարակ տարածաշրջանում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում