Պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք. Վարչապետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 27-ի ՆՀ-1055–Ա հրամանագրով Սուրեն Կարայանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար:

Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը էկոնոմիկայի նախարարությունում աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին:

Շնորհակալություն հայտնելով Արծվիկ Մինասյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կատարած աշխատանքի և շնորհավորելով նոր պաշտոնում աշխատանքի անցնելու կապակցությամբ` վարչապետը նախարարության աշխատակազմին է ներկայացրել Սուրեն Կարայանին և շնորհավորել պատասխանատու այս ոլորտում նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

-Չափազանց կարևորում եմ ձեր նախարարության աշխատանքը: Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին հայտարարենք և ամեն ինչով ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք: Պետք է վերանայենք օրենսդրական դաշտը, որը ձևավորում է բիզնես միջավայրը․ եթե ունենք խոչընդոտներ` պետք է դրանք վերացնենք: Նախարարությունը պետք է կառավարման որակով օրինակ ծառայի բիզնեսին, – իր խոսքում, մասնավորապես, նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Իր հերթին, Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին համաձարկ և նախաձեռնող ծրագրերի իրականացման գործում` նշելով համագործակցության պատրաստակամությունը, նաև որպես ՀՅԴ ներկայացուցիչ, ով պատասխանատվություն է կրում ողջ կառավարության ծրագրի իրագործման համար:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, եզափակելով խոսքը, կրկին նշել է էկոնոմիկայի նախարարության առջև ծառացած խնդիրների լուծման և արդյունավետ աշխատանքին միտված նախաձեռնողականության կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում