Սկզբունքորեն պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա, ոչ թե զինվորական. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

Սկզբունքորեն պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա, ոչ թե զինվորական. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանին անհանգստացնում է ոչ միայն «Իսկանդերի» առկայության փաստը, այլ այն ամենը, ինչը տեսան երևանյան զորահանդեսին: Ավելին, նրանք անհանգստացած են այն գործընթացներով, որոնք տեղի են ունենում ՀՀ զինված ուժերում:

«Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք հնարավոր զարգացումներին և անենք ամեն բան, որ մեր Զինված ուժերն ի վիճակի լինեն հետ մղել նման փորձերն ու պաշտպանեն ԼՂՀ բնակչության անվտանգությունը»,-լրատվամիջոցներից մի քանիսի հետ զրույցում շեշտեց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե պաշպանության նախարար է նշանակվել ռազմական փորձ չունեցող անձ, Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծեց. «Կարծում եմ՝ նրանք, որոնք ծանոթ են ՀՀ սահմանադրությանը և ժողովրդավարական պրակտիկային, գիտեն որ պաշտպանության նախարարության հիմնական գործառույթը քաղաքացիական վերահսկողությունն է  զինված ուժերի նկատմամբ և կապը ԶՈւ-ի և պետության մնացած կառույցների հետ, որոնք պետք է մոբիլիզացվեն ռազմական գործողությունների պարագայում: Կարծում եմ, որ պաշտպանության նախարարության գործառույթը  դա է, որը շատ հստակ ամրագրված է: Ըստ այդմ՝ սկզբունքորեն պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա, ոչ թե զինվորական»:

Խոսելով հնարավոր փոփոխություններից, նախարարը նշեց, որ առաջիկա օրերին, երբ Կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը ԱԺ-ին,  դրա մեջ հստակ ամրագրված է լինելու  նոր կառավարության հիմնական նպատակը և ուղղությունները: Խոսքը վերաբերում է ազգ-բանակ գաղափարախոսությանը. «Դա բացարձակ չի նշանակում հասարակության զինվորականացում, այլ, որ հասարակությունը և պետության բոլոր կառույցները մշտապես պետք է իրենց ժամանակի մի մասը հատկացնեն երկրի անվտանգությանը և պաշտպանության խնդիրներում ներդրում ունենալուն: Այժմ մենք աշխատում ենք այդ գաղափարախոսության գործնական ուղղությունների վրա և շատ մոտ ապագայում կտեսնենք դրանց կիրառումը քաղաքականության մեջ»:

Հարցին, թե արդյոք Սեյրան Օհանյանի չվերանշանակումը կապ ունի ապրիլյան պատերազմի հետ, Վիգեն Սարգսյանը հերքեց՝ նշելով ՀՀ նախագահը շատ հստակ ներկայացրել է այդ փոփոխության հիմնավորումը:

Դիտարկմանը, թե տարիներ շարունակ իրենց ունեցվածքի և բանակում թույլ տված չարաշահումների համար քննադատվող գեներալները հնարավո՞ր է, որ հեռացվեն, Սարգսյանը պատասխանեց. «Բանակում չարաշահումների վերացումը բանակի կառուցման կարևոր բաղադրիչներից, հիմքերից մեկն է, որովհետև ուղղակիորեն դրա հետ է կապված վստահությունը դեպի Զինված ուժերը, պաշտպանական համակարգը»:

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում