ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակկոնենը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Արյա Մակկոնենը (նստավայրը՝ Հելսինկի): Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հարաբերությունները կայուն զարգանում են, քաղաքական երկխոսությունը շարունակական բնույթ է կրում, երկու երկրները հաջողությամբ համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում և միջազգային շատ խնդիրների նկատմամբ ունեն միանման մոտեցումներ: Այս ամենը, ՀՀ Նախագահի համոզմամբ, լավ հիմք է ստեղծում հայ-ֆիննական հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնել ու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է իրավապայմանագրային դաշտի զարգացումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումն ու այդ ներուժի լիարժեք օգտագործումը միջպետական հարաբերություններում:

Դեսպան Արյա Մակկոնենը, համակարծիք լինելով երկկողմ միջպետական հարաբերություններին ՀՀ Նախագահի տված գնահատականի հետ, կարևորել է նաև առևտրատնտեսական կապերի սերտացման նպատակով փոխշահավետ ոլորտներում համագործակցության խորացումը:

Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում