Գյուղատնտեսության ցուցանիշների նվազման հիմնական պատճառը կարկտահարության հասցրած վնասն է

Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 654 մլրդ 606,9 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ այս ցուցանիշը նվազել է 2,6 տոկոսով: Ընդհանուր գյուղատնտեսությունում բուսաբուծությանը բաժին է հասնում 421 մլրդ 544,6 մլն` նվազելով 6 տոկոսով, իսկ անասնաբուծությանը՝ 233 մլրդ 62,3 մլն դրամ` աճելով` 4 տոկոսով:

«Արմենպրես»-ն այս ցուցանիշների իրական պատկերն հասկանալու համար զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ, ով նկատեց, որ եթե գյուղատնտեսության ցուցանիշը նվազել է, ապա այն հիմնականում կապված է այս տարվա կարկտահարության հասցրած վնասների հետ: Նրա ներկայացմամբ` այս տարի լավ ծիրանի բերք կար, սակայն կարկուտն այն նվազեցրեց, ինչպես նաև այս տարի նախորդի համեմատ մոտ քառասուն տոկոսով նվազել է խաղողի բերքը:

«Հայաստանում աճում է կարտոֆիլագործությունը: Սոխի արտադրության աճ ունենք: Ընդհանուր առմամբն անցյալ տարվա համեմատ այս տարի բանջարեղենի աճ ունենք»,- նշեց Բերբերյանը:

Գյուղատնտեսն անդրադառնալով նաև անասնաբուծության աճի ցուցանիշին շեշտեց, որ հարկավոր է նկատել, որ անասնապահությունը ոչ միայն մսի արտադրություն է, այլ նաև կաթի: Իսկ հիմա վերջինիս արտադրության անկում ունենք, քանի որ խոշոր եղջերավոր անասուններն այժմ գտնվում են հղի վիճակում` նոր կաթ կլինի երկու ամիս հետո: «Այս ժամանակահատվածում շատ կլինի մսի արտադրությունը, քանի որ մասսայական մորթ է ընթանում: Մինչև տարվա վերջ կունենանք մսի արտադրության աճ, սակայն անասնագլխքանակի նվազում»,- ասաց գյուղատնտեսը:

Անդրադառնալով ձկնարտադրությանը` նա հավելեց, որ երկու տարի առաջ այստեղ հաջողություններ ունեցանք, սակայն այժմ մեր ձկնաբուծությունը պարզապես շուկայի կորուստ ունի: – հավելեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում