Իգնատի Առաքելյանը խոստանում է գյուղոլորտում հինը քանդելուց առաջ ներդնել նոր հիմքեր

Իգնատի Առաքելյանը խոստանում է գյուղոլորտում հինը քանդելուց առաջ ներդնել նոր հիմքեր

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խոստանում է ոլորտում ներդնել նոր հիմքեր և շարժվել առաջ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առաքելյանն այդ մասին նշեց՝ պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում ուղղել նախորդ նախարարի սխալները: Հարցին՝ հասցրե՞լ է ուսումնասիրություններ կատարել դիզվառելիքի և պարարտանյութերի տրամադրման ոլորտում, նախարարը պատասխանեց, որ որոշակի ուսումնասիրություններ արվել են, և ինքը համարում է, որ այդ ծրագրերն աննպատակահարմար են:

«Դա օգուտ չի տալիս գյուղատնտեսության զարգացմանը, ինքը պահում է գյուղատնտեսությունն այն վիճակում, որտեղ մենք կանք, իսկ մենք պետք է մտածենք զարգացման ուղղությամբ: Ես մտածում եմ նորը ներդնելու և հետո հինը քանդելու մասին, որովհետև հինը քանդեմ՝ առանց նորը ներդնելու, մենք ոչինչ չենք ունենա»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Ճշտող հարցին, թե ո՞ր ծախսերն են, որ տեղ չեն հասնում, Առաքելյանն ասաց, որ խնդիրը սերմերի, պարարտանյութերի, դիզվառելիքի տրամադրման մեջ է: «Այսօր մենք ստացել ենք պարտքերի անվանական ցուցակներ՝ ով է ստացել, ով գումար չի վճարել, որովհետև գոյացել է մեծ գումարի պարտք, և մենք չենք հասկանում՝ դա սոցիալակա՞ն, կարկտահարությա՞ն, թե չարաշահումների հարց է: Մենք դրա պարզաբանումը պետք է անենք, չարաշահումներով կզբաղվեն իրավապահները»,– ընդգծեց նախարարը:

Առաքելյանը միաժամանակ գտնում է, որ չի կարծում, թե անիմաստ հատկացումներ են արվել, պարզապես այսօր փոխելու ժամանակն է:

Իգնատի Առաքելյանն ընդգծեց, որ քայլեր են արվում նոր գյուղատնտեսական ֆերմաներ կառուցելու ուղղությամբ՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում