Զբոսաշրջության գերակա խնդիրներից է տուրիստական արտադրանքի ճիշտ փաթեթավորումը

Զբոսաշրջության գերակա խնդիրներից է տուրիստական արտադրանքի ճիշտ փաթեթավորումը

Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ամենակարեւոր խնդիրներից է երկրի առցանց ճանաչելիության գործընթացը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը: Նրա խոսքով` պետք է այնպես անել, որ զբոսաշրջիկները Հայաստանը ճանաչեն ոչ միայն որպես պատերազմ, ցեղասպանություն տեսած, այլ որպես բարեկեցիկ երկիր: «Այնպիսի զբոսաշրջություն պետք է ստեղծենք, որը կայուն տնտեսական զարգացում, եկամուտների աճ ապահովի: Կանոնակարգված աշխատանք պետք է իրականացնենք մեր թիրախային շուկաների տուրօպերատորների հետ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Զեյթունցյանը՝ նշելով, որ Հայաստանի համար թիրախային շուկաներ են Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան, արաբական մի քանի երկրներ եւ այն երկրները, որոնց հետ ուղիղ չվերթներ ունի:

Զբոսաշրջության պետական կոմիտեի ժամանակավոր պաշտոնակատարը ոլորտի գերակա խնդիր համարեց նաեւ տուրիստական արտադրանքի ճիշտ փաթեթավորումը: «Մենք հիմնականում վաճառում ենք հումքը, մինչդեռ ուշադրություն պետք է դարձնել ճիշտ ընտրված թիրախային շուկաների վրա: Մենք նպաստավոր պայմաններ ունենք էկոտուրիզմի զարգացման, ուխտագնացության համար: Մենք ունենք հսկայական հարստություն, ով գալիս է Հայաստան՝ հիացած է հեռանում»,– հավելեց Զեյթունցյանը: Նա նշեց, որ նախարարությունը համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագիր է մշակում, որի նպատակն է տուրիզմի ոլորտում ենթակառուցվածքների կառուցումը: Խոսելով գնային քաղաքականությունից՝ Զեյթունցյանը նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում շահում է գների մատչելիության շնորհիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում