Հարկային մարմինները լայնամաշտաբ ստուգումներ են սկսել «Ալեքս Գրիգ» ընկերությունում

Հարկային մարմինները լայնամաշտաբ ստուգումներ են սկսել «Ալեքս Գրիգ» ընկերությունում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ստուգումներին մասնակցում է 160 հոգուց բաղկացած մասնագետների խումբ:

«Ես բազմիցս նշել եմ, որ բոլոր ոլորտներում ունենք բավականին մեծ ստվերայնություն, և այս բոլոր ծրագրերը ուղղված են դաշտը մի ստանդարտի բերելուն, որպեսզի ոչ հարկային կառույցներում աշխատողները, ոչ կարողություններ ունեցող մարդիկ չստեղծեն արտոնյալ դաշտ։ Այս ծրագրերը նպաստելու են դրան: Ծրագրի բաղադրիչներից մեկը հարկային կարողությունների գնահատումն է։ Եթե մենք իմանանք, թե որ ոլորտում որքան հարկային ռեսուրս կա, ապա տեխնիկական մասը իրականացնելն ավելի հեշտ կլինի։ Բոլորն ասում են՝ ստվեր կա, բայց ոչ ոք չի ասում՝ որ ոլորտում որքան ստվեր կա»,- նժել է Գ. Խաչատրյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Լուսաստղ շուգր» ընկերության հարկերը 2012թ. կտրուկ նվազել են, Գ. Խաչատրյանն ասել է, որ հարկերի վճարման նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ նախկինում շաքարավազը ներկրվում էր որպես պատրաստի արտադրանք, իսկ ներկայումս՝ որպես կիսավերամշակված հումք, այսինքն՝ այն ազատված է մաքսատուրքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում