Տնտեսական ակտիվությունը նվազե՞լ է, թե իրականությունն է տեսանելի դարձել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ այս տարվա առաջին 10 ամիսների տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է, կազմելով 0.4 տոկոս: Հիշեցնենք, որ նախորդ ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը 1.6 տոկոս էր:

Տնտեսական աճի ապահովմանը էապես նպաստել է ծառայությունների մատուցման ոլորտը՝ 7.7 տոկոս աճի շնորհիվ: Արդյունաբերությունը, վատթարացնելով ցուցանիշը այնուամենայնիվ ապահովել է՝ 6.5 տոկոս աճ և առաջին 10 ամիսների կտրվածքով կազմել է 1152 223.3 մլն դրամ, ընդորում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը, շարունակում է գրանցել անկում՝ հասնելով 0.5 տոկոսի:

Հատկանշական է, որ ցուցանիշները վատթարացել են գրեթե բոլոր ուղղություններով: Աննախադեպ անկում է գրանցել գյուղատնտեսության ոլորտը՝ -7.3 տոկոս, ապահովելով 757 277.5 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի անկումը պայմանավորված է նաև սեզոնայնությամբ:

Շինարարությունը շարունակում է պահպանել բացասական միտումը, գրանցելով 9.2 տոկոսանոց անկում: Ներքին առևտրի շրջանառությունը բացասական ցուցանիշը պահպանվում է նույն մակարդակի վրա և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմում է -0.1 տոկոս: Վերջինս պայմանավորված է բնակչության եկամուտների և սպառման վարքագծի փոփոխության հետ: 

ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2.4 տոկոսով ավելացել է միջին ամսական աշխատավարձերը, իսկ սպառողական գների անկումը կազմել է 1.5 տոկոս:

Հուսադրող է արտաքին առևտրաշրջանառության ծավալների շարունակական աճը, որը նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատությամբ կազմել է 6.1 տոկոս, ապահովելով 1 952.3 մլրդ դրամ:

Հատկանշական է, որ այդ հատվածի աշխուժացումը շարունակում է ապահովվել արտահանման ծավալների ավելացման շնորհիվ: Վերջինս պահպանում է դրական տենդենցը և աճը կազմել է 19.8 տոկոս, ապահովելով 697.8 մլրդ դրամ: Ներմուծման ցուցանիշները շարունակում եմ մնալ բացասական, բայց այն մեղմանալու միտումը պահպանվում է և կազմում է -0.3 տոկոս, նախորդ ամսվա՝ -0.8 տոկոսի փոխարեն: Ներմուծման ծավալները կազմում են 1 254.5 մլրդ դրամ:

Այնուամենայնիվ, տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազումը կրիտիկական բնորոշելուց առաջ պետք է հաշվի առնել, որ վարչապետի հանձնարարությամբ ԱՎԾ-ի առջև մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրվել: Եվ այսօրվա ցուցանիշը, պարզապես, իրականության արտացոլումն է, և ոչ թե տնտեսական աղետի կանխորոշում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում