Նախատեսվում է ներդնել գյուղատնտեսական ապահովագրություն նախանական հինգ ռիսկերի դեպքում

Գյուղատնտեսության նախարարությունը ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման նպատակով աշխատում է Գերմանական զարգացման գործակալության բանկի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

«Գերմանական կողմի հետ համատեղ ստեղծվել է որոշակի փաստաթուղթ, և 2017 թվականին մշակվելու է պիլոտային ծրագիր: Ծրագիրը նպատակաուղղված կլինի շահութաբեր տնտեսությունների վրա, այսինքն՝ հստակ կսահմանվեն փոքր, միջին և մեծ գյուղական տնտեսությունները: Ըստ այդմ, համակարգը տարբեր սուբսիդավորման ձևաչափ կընդունի»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալն ասաց, որ նախնական ընտրվել են հինգ գյուղատնտեսական ռիսկեր, որոնց դիմաց կապահովագրվեն գյուղական տնտեսությունները:

«Այս պահին քննարկվում է կարկտահարության, ցրտահարության, երաշտի, ուժեղ քամու և ջրհեղեղի դեմ պաշտպանության ապահովագրական համակարգի ներդրումը»,– եզրափակեց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում