Մոսկվան գնահատել է Սիրիայում դաշնակիցներին զենք մատակարարելու ԱՄՆ-ի պլանները

Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարման սահմանափակումների չեղարկումը չի ազդի Հալեպի իրադրության վրա, բայց կազդի Մոսկվայի հետ Վաշինգտոնի բանակցությունների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա.ռու»-ին, այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները, որը դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Համբուրգում:

«Դա կազդի մեր բանակցությունների վրա, քանի որ դա ամերիկյան քաղաքականության եւս մեկ տարօրինակությունն է Հալեպի հարցում: Ձախ ձեռքը ինչ-որ կառուցողական բան է անում, աջը բացում է զինյալներին սպառազինությունների մատակարարման արգելակները»,-հայտարարել է ԱԳ նախարարը:

Միեւնույն ժամանակ, նրա խոսքով՝ դա հազիվ թե «լուրջ ազդեցություն գործի արեւելյան Հալեպի իրադրության վրա, քանի որ Հալեպի արեւելքում զինյալները շրջապատված են»:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերացրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարումների սահմանափակումները: Այդ մասին ասված է դեկտեմբերի 8-ին Սպիտակ տան կայքում հրապարակված հուշագրում:

«Գործողությունները, որոնք ներառում են պաշտպանական ապրանքների եւ ծառայությունների տրամադրում այն արտասահմանյան ուժերին, ոչ կանոնավոր ուժերին, խմբերին կամ առանձին անձանց, որոնք օժանդակում կամ աջակցում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը, կարեւոր նշանակություն ունեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերի համար»,- ասված է փաստաթղթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում