ԲՀԿ-ն կողմ կքվեարկի ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծին

ԲՀԿ-ն կողմ կքվեարկի ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դրական է գնահատում ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը, սակայն գտնում է, որ դրա ընդունմամբ հնարավոր չի լինի լուծում տալ բոլոր խնդիրներին: Ազգային ժողովում Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և Քրեադատավարական օրենսգրք ում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ԲՀԿ- կողմ է քվեարկելու ապօրինի հարստացումը քրեականացնող նախագծին: «Ես կարծում եմ, որ բոլորն են կողմ քվեարկելու այս նախաձեռնությանը, որովհետև դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է դեմ քվեարկել ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծին, սակայն մտածել, որ այն ընդունելուց հետո բոլոր խնդիրները լուծվելու են, իհարկե, ազնիվ չէ»,- ասաց Զոհրաբյանը:

Որպես հիմնավորում Նաիրա Զոհրաբյանը նշեց այն հանգամանքը, որ տարբեր օրենքներով արգելված են կաշառք վերցնելու, պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը, սակայն կան պաշտոնյաներ, ովքեր կաշառք են վերցնում և պաշտոնական դիրք են չարաշահում: Պատգամավորի խոսքով՝ ապօրինի հարստացման դեմ պայքարելու համար առաջին հերթին քաղաքական կամք է անհրաժեշտ: «Երբ ինչ-որ մեկին պաշտոնի են նշանակում, և նա ասում է՝ «դե լավ գնամ մի քիչ էլ ես լավ ապրեմ», այդտեղից է պետք սկսել, այդտեղ է պետք բռնել նրա ձեռքը և նման մարդուն երբեք չպետք է որևէ պաշտոնի նշանակել», – ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով՝ Հայաստանում նման օրենսդրական նախաձեռնություն ընդունելու անհրաժեշտություն իսկապես կա, քանի որ երկրում շատ են պաշտոնյաները, ովքեր հարստանում են ապօրինի ճանապարհներով: Պատգամավորը կարծում է, որ եթե օրենքը նույնիսկ շատ փոքր անհարմարություն կարող է առաջացնել նման մարդկանց համար, հարկավոր է ընդունել այն և կյանքի կոչել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում