Ռազմարդյունաբերական քաղաքականության ռազմավարությունն ուղղված է համակարգային բարեփոխումներին

Կառավարությունը հաստատեց «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրությունը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ այն կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

«Ըստ այդմ կկարգավորվեն ՀՀ գործադիր մարմինների, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի միջև հարաբերությունները ռազմարդյունաբերական համալիրում պետական ռազմարդյունաբերական քաղաքականության ձևավորման, իրականացման հարցերում, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերը և այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխ նախարարը:

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստում Պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշել էր, որ ռազմավարության նպատակն է պետության աջակցությամբ գիտատեխնիկական և արտադրատեխնոլոգիական ներուժի վերածումը նորարարական գործուն միջոցի, որը կնպաստի ռազմական արդյունաբերական համալիրի կազմակերպությունների արտադրանքի մրցունակության ապահովմանն ու արտահանման կազմակերպմանը: Փախչանյանն ընդգծել էր, որ փաստաթուղթը մշակվել է Հայաստանի անկախության տարիներին ձեռք բերված փորձի, ինչպես նաև ապրիլյան դեպքերի վերլուծության հիման վրա: Նա նշել է նաև, որ դրա նպատակն է խթանել ռազմական արդյունաբերության զարգացումը, խրախուսել նորագույն տեխնոլոգիաների ներմուծումն ու մշակումը, և դրանց հիման վրա զարգացնել հարակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև կազմակերպել տեղական արտադրություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում