‹‹Թե Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, թե ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի ահաբեկչական բնույթը››. ԱԺ փոխնախագահ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին:

ՀՀ ԱԺ փոխնախագահն իր ցավակցությունն է հայտնել ռուսական կողմին՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի ահաբեկչական սպանության կապակցությամբ: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ ժողովուրդը սեփական փորձից գիտի, թե ինչ է պետական ահաբեկչությունը. դրա վառ ապացույցն է դեռեւս 100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանությունը, 21-րդ դարում Ադրբեջանի կողմից Նոր Ջուղայում հազարավոր խաչքարերի վերացումը և այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմը:

‹‹Եւ Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, և ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի ահաբեկչական բնույթը››,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ահաբեկչության դեմ միասնական պայքարելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում նշել է, որ որպես ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ կարևորում է այն փաստը, որ ՌԴ ԴԺ համապատասխան հանձնաժողովն իր առաջին արտագնա նիստն անցկացնում է Հայաստանում:

Պարոն Շարմազանովը մասնավորապես նշել է. ‹‹Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները զարգանում են և երկու պետությունների շահերից է բխում խորհրդարանական հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը, բայց, այնուհանդերձ, կարծում եմ, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին պետք է նոր լիցք հաղորդել››:

Լեոնիդ Կալաշնիկովը համաձայնել է ԱԺ փոխնախագահի այն տեսակետի հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Կողմերը կարևորել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների առավել զարգացումը և համակարգված աշխատանքը միջխորհրդարանական կառույցներում:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում