Հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագրին չի խոչընդոտի շինարարության տնօրինության լուծարումը. նախարար

Հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագրին չի խոչընդոտի շինարարության տնօրինության լուծարումը. նախարար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն առընթեր «Երկաթուղու շինարարության տնօրինության» լուծարմամբ կառավարությունը չի դադարեցնելու հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագրի իրականացման քայլերը: Այդ մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց նախարար Վահան Մարտիրոսյանը: Հարցին, թե ՓԲԸ-ի լուծարումը նշանակո՞ւմ է , որ հայ-իրան ական ծրագիրը չի իրականանալու, նախարարը պատասխանեց. «Ոչ դա չի նշանակում, որովհետև նախարարության կազմում գործում է երկաթուղու վարչություն: Այդ գործառույթները կարող է վարել երկաթուղու վարչությունը և ինչպես նախորդ նիստում ներկայացրեցինք, մրցույթները կարող են հայտարարվել նաև ԾԻԳ-երի միջոցով»:

Ճշտող հարցին, թե ամեն դեպքում, հայ-իրականական երկաթուղու համար 3.2 միլիարդ դոլար պահանջող նախագծի շինարարության գործընթաց կա՞, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Միայն քննարկումների շրջանակում»: Նախարարը նշեց, որ քննարկումներն ընթանում են ներդրողների հետ, մասնավորապես, երկաթուղու շինարարության հետ կապված մեկ ներդրողի հետ ստորագրվել է կոնցեսիոն կառավարման փաստաթուղթ: Ըստ Մարտիրոսյանի՝ հնարավոր ներդրողները միայն Իրանից չեն:

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման նախագծում նշված է, որ, բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողությունից, այլ գործառույթներ այն չունի, իսկ գործընկեր՝ կոնցեսիոներ «Ռոսիա ՖԶԷ» ընկերության հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են: Այս իսկ պատճառով ` նպատակահարմար է դրա լուծարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում