Հարավային Կորեայի նախագահը ցանկանում է հանդես գալ կոռուպցիայի հետ կապված մեղադրանքների հերքմամբ

Հարավային Կորեայի նախագահը ցանկանում է հանդես գալ կոռուպցիայի հետ կապված մեղադրանքների հերքմամբ

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն, որին իմպիչմենտ էր հայտարարվել անցյալ տարվա վերջին, պլանավորում է հանդես գալ ազգին հղված եւս մեկ ուղերձով, որում մտադիր է հերքել կոռուպցիայի հետ կապված բոլոր մեղադրանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանների աղբյուրների: 

Թե հատկապես երբ եւ ինչպես կարող է տարածվել նոր հայտարարությունը, չի ճշտվում:
Պակ Կըն Հեի նախագահական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 9-ին խորհրդարանը քվեարկեց նրա պաշտոնազրկման օգտին: Պետության ղեկավարի պաշտոնակատար դարձավ Հվան Գյո Անը: Իշխանությունից նախագահի հեռացման գործընթացը վերջնականապես կվարտվի Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության արդյունքների հաստատումից հետո:

Պակ Կըն Հեին մեղադրում են իր մերձավոր ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին հովանավորելու մեջ, որը հայտնվել է աղմկալի կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Նոյեմբերի 20-ին Կորեայի Հանրապետության դատախազությունը հրապարակել Է Չխվե Սուն Սիլի, ինչպես նաեւ նախագահական վարչակազմի երկու նախկին աշխատակիցների գործով հետաքննության միջանկյալ արդյունքները, նրանց մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի, կաշառաշորթության եւ ծառայողական լիազորությունների չարաշահման համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է մի շարք ընկերությունների վրա իբր գործադրված ճնշմանը՝ նրանց կողմից այն հիմնադրամներին տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով, որոնք վերահսկվում էին Չխվե Սուն Սիլի կողմից: Թեեւ նման ճնշման փաստը մինչ այժմ ապացուցված չէ, քննիչները ենթադրում են, որ Պակ Կըն Հեն առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցածին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում