ԵՄ-ն ՄԱԿ-ի հետ միասին Բրյուսելում խորհրդաժողով կկազմակերպի Սիրիայի ապագայի շուրջ

ԵՄ-ն ՄԱԿ-ի հետ միասին Բրյուսելում խորհրդաժողով կկազմակերպի Սիրիայի ապագայի շուրջ

Եվրամիությունը հույս ունի իր ավանդը ներդնել ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայի շուրջ ընթացող բանակցային գործընթացում՝ անելով մի շարք առաջարկություններ, որոնք, հնարավոր Է՝ հաշվի կառնվեն փետրվարին Ժնեւում կայանալիք բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: 

«Մենք ՄԱԿ-ի հետ համատեղ աշխատում ենք քաղաքական այն ջանքերի վրա, որոնք կոչված են վերջ դնելու Սիրիայի հակամարտությանը: Մենք այդ ամենի մասին խոսել ենք ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հետ, մենք խոսել ենք Եվրամիության նախաձեռնության մասին, եւ ես նրանց հայտնել եմ ՄԱԿ-ի հետ միասին Բրյուսելում Սիրիայի ապագայի շուրջ խորհրդաժողով կազմակերպելու իմ մտադրության մասին»,- ասել է Մոգերինին՝ ամփոփելով ԵՄ-ի ԱԳ նախարարների մակարդակով խորհրդի՝ հունվարի 16-ին Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:

Նա ճշտել է, որ այդ խորհրդաժողովը կկայանա 2017 թվականի գարնան ընթացքում եւ կունենա երկու նպատակ: Մի կողմից՝ վերլուծել դոնորների կողմից պարտավորությունների կատարումը, որոնք նրանք ստանձնել են Լոնդոնի 2016 թվականի խորհրդաժողովում, մյուս կողմից՝ դա կլինի քաղաքական խորհրդաժողով, ընդգծել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում