«Հայկական վերածնունդը» տրամադրված է միայնակ մասնակցել ընտրություններին, սակայն չի բացառում դաշինքի հնարավորությունը

«Հայկական վերածնունդը» տրամադրված է միայնակ մասնակցել ընտրություններին, սակայն չի բացառում դաշինքի հնարավորությունը

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը նախատեսում է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել միայնակ, սակայն չի բացառում այլ ուժերի նախընտրական դաշինք կազմելու հնարավորությունը: Հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը նշեց, որ ՀՎԿ-ն այս ընթացքում բանակցել և շարունակում է բանակցել տարբեր քաղաքական ուժերի հետ և երբեք չի մերժել համագործակցության որևէ առաջարկ: «Ըստ էության, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նույնպես յուրատեսակ միավորման արդյունք է: Մենք միավորել ենք տասնյակից ավել քաղաքական ուժեր և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Այսօր էլ մենք շարունակում ենք բանակցել տարբեր քաղաքական ուժերի հետ: Կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, ընտրություններին կմասնակցի միայնակ, սակայն մենք չենք բացառում այլ ուժերի հետ դաշինք կազմելու հնարավորությունը»,– նշեց Առաքելյանը:

ՀՎԿ մամուլի խոսնակը վստահեցրեց, որ կուսակցությունը դաշինք կկազմի միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ընտրություններից հետո ՀՎԿ-ն գնա կոալիցիա կազմելու ճանապարհով, Էդգար Առաքելյանը պատասխանեց. «Քաղաքական պրակտիկայի տեսանկյունից քաղաքական ուժերը հիմնականում դաշինքներ կազմում են հենց ընտրություններից հետո: Քաղաքական ուժերը ունենում են ծրագրեր և երբ տեսնում են, որ այլ քաղաքական ուժերի հետ կարող են այդ ծրագրերը կյանքի կոչել, ապա լինում են կոալիցիաներ: Իսկ ընտրություններից հետո մենք ո՞ւմ հետ կոալիցիա կկ ազմենք և ինչպես, դա կախված կլինի նրանից, թե մենք որքան ձայն կհավաքենք»:

Նա հավելեց, որ ՀՎԿ-ն նախընտրական շրջանում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, կազմակերպչական աշխատանքների առումով խնդիրներ չունեն: «Մենք նաև հանդիպումներ ենք ունենում քաղաքացիների հետ, բացատրական աշխատանքներ ենք իրականացնում, թե ինչպես պետք է քաղաքացիները քվեարկեն: Ընտրական նոր օրենսգիրքը բավականին խճճված է, և քաղաքացիների համար դժվար է լինելու, ուստի մենք նաև այդ ուղղությամբ ենք աշխատում»,- ասաց ՀՎԿ մամուլի խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում