Ֆրանսիայի նախկին նախարար Ամոնը հաղթել է «ձախերի» փրայմերիզների եզրափակիչ բանավեճերում

Ֆրանսիայի կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը նվազագույն առավելությամբ հաղթանակ է տարել սոցիալիստների կուսակցության փրայմերիզների մասնակիցների երրորդ բանավեճերում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Elable ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները:

Այսպես, հարցվածների 29 տոկոսն այն կարծիքին է, որ Ամոնի ելույթն առավել համոզիչն էր: Եվս 28 տոկոսը նախապատվությունը տվել է Էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրին: Երրորդ տեղն զբաղեցրել է նախկին վարչապետ Մանյուել Վալսը՝ ստանալով ձայների 21 տոկոսը:

Մինչդեռ, հարցման այն մասնակիցների շրջանում, որոնք «ձախերի» կողմնակիցներն են, Ամոնն առաջատարն Է ավելի զգալի առավելությամբ. նա ստացել է ձայների 34 տոկոսն այն դեպքում, երբ Վալսն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով ձայների 24 տոկոսը, իսկ Մոնտեբուրը երրորդն է դարձել՝ հավաքելով ձայների 23 տոկոսը:

Սակայն, Le Figaro թերթի կայքում անցկացված առցանց-հարցման համաձայն, ներկայում հարցվածների 22 տոկոսը կարծում է, որ «ձախերի» փրայմերիզների երրորդ բանավեճում առավել համոզիչ է եղել Վալսը: Նրան հետեւում է Մոնտեբուրը (20 տոկոս), երրորդ տեղը ձայների 15-ական տոկոսով կիսում են Ամոնը եւ նախկին նախարար Սիլվիա Պինելը:

Ֆրանսիայում սոցիալիստների փրայմերիզների մասնակիցների եզրափակիչ բանավեճերն անցկացվել են հունվարի 19-ի երեկոյան: Ֆրանսիական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ, հարցումների արդյունքների համաձայն, առաջին եւ երկրորդ բանավեճերում հարցման մասնակիցներն առավել համոզիչ են համարել Մոնտեբուրի ելույթները:

Փրայմերիզների նպատակը ձախամետ ֆրանսիական կուսակցություններից Ֆրանսիայի նախագահի միասնական թեկնածուին որոշելն է: Քվեարկության առաջին փուլը կկայանա հունվարի 22-ին, իսկ երկրորդը՝ հունվարի 29-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում