Վահան Մարտիրոսյանը հանդիպել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում երկու երկրների փոխգործակցության, ինչպես նաև կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ կապված մի շարք հարցեր։

Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը՝ Նիկոլայ Նիկիֆորովը նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև գործակցության կարևորագույն քայլերից մեկը ԵԱՏՄ թվայնացման օրակարգի իրականացումն է։ Այն ոչ միայն ԵԱՏՄ ինտեգրման բաղադրիչն է, այլև ԵԱՏՄ երկրների ներգրավումն է աշխարհի թվային տրանսֆորմացիաների վերափոխման լայնածավալ գործընթացում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին առնչվող հարցեր։

Վ. Մարտիրոսյանը կարևորել է Ռուսաստանի առաջատար տեխնիկական բուհերում հայ ուսանողների ներգրավվածությունը, անդրադարձել հայկական և ռուսական բջջային կապի օպերատորների, փոստային ծառայությունների ոլորտում արդեն իսկ ծավալված ակտիվ գործակցությանը։ Նա հույս է հայտնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության շրջանակներն առաջիկայում կընդլայնվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում