Մեդվեդևը կոչ է անում կենտրոնանալ հայաստանյան գյուղմթերքը ռուսաստանյան մեծ շուկա արտահանելու ուղղությամբ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ տնտեսական համագործակցության մակարդակից և նշել, որ նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը ՌԴ:

«Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է: Նրա բաժինն արտաքին առևտրում կազմում է մոտավորապես 25 տոկոս, և չնայած բավական բարդ կոնյուկտուրային, ինչի մասին մենք այսօր խոսում էինք իմ գործընկերոջ հետ, փոխադարձ առևտրաշրջանառության ցուցանիշները լավն են մնում:

Նախորդ տարի այդ թիվն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար էր, բայց հարցը միայն բացարձակ թվերի մեջ չէ: Բանն այն է, որ չնայած էներգակիրների և առանձին ապրանքների գների իջեցմանը, որոնք մատակարարվում են մեր երկրներից, ապրանքների ընդհանուր թիվը չի նվազում, այլ ավելանում է: Եվս մեկ հանգամանք. նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը, ինչը կապված է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետ և արտացոլում է մեր ընդհանուր նպատակը դեպի ինտեգրում»,- ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Մեդվեդևը:

Խոսելով գյուղատնտեսության մասին` ՌԴ վարչապետն ասել է, որ այստեղ կա զարգացման շատ լավ ներուժ՝ ոչ միայն ապրանքների կամ գյուղատնտեսական տեխնիկայի փոխադարձ գնման, այլև համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից: «Այժմ կան մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաև ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման հետ կապված, որոնք ռուսաստանյան առևտրային ցանցեր են մտնում: Մեր շուկան մեծ է, և կարծում եմ՝ առաջիկայում պետք է կենտրոնանալ նաև այս ուղղությամբ»,- նշել է Մեդվեդևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում