Հայոց ցեղասպանությունը ճանաչած քուրդ գործիչը թուրքական բանտում վատացել է

Հայոց ցեղասպանությունը ճանաչած քուրդ գործիչ, Մարդինի համաքաղաքապետ Ահմեդ Թուրքի առողջական վիճակը բանտում վատացել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com.tr-ը:

Ահմեդ Թուրքին տեղափոխել են հիվանդանոց: Հնարավոր է, որ առողջական խնդիրների պատճառով նրան ազատ արձակելու որոշում կայացվի: Այս մասին որոշում է կայացնելու դատախազը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը 2016 թվականի նոյեմբերի 17-ին հեռացրել էր Ահմեթ Թուրքին քաղաքապետի պաշտոնից: Նրա նկատմամբ հետաքննություն էր սկսվել «պետության միությունն ու միասնականությունը խախտելու, զինված ահաբեկչական խմբավորմանը գումար տալու և անդամ լինելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին նվաստացնելու» մեղադրանքներով: Ավելի ուշ քուրդ գործիչը ձերբակալվել էր:

Ահմեթ Թուրքը բազմիցս ելույթներ է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 2014 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում նա 1915 թվականի Ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից` ասելով. «1911-ին «Իթիհաթ վե թերաքի» կուսակցության 3 առաջնորդ հանդիպեցին և պատմական որոշում կայացրին՝ քչացնել քրիստոնյաներին, սունի դարձնել ալևիներին և ուծացնել քրդերին։ Ցավոք, այդ ծրագրի իրականացման ժամանակ 1915-ին քուրդ ժողովուրդը օգտագործվեց։ Մենք դեռ վերապրում ենք այն ցավը, որ մեր պապերն ու հայրերը մասնակցել են այդ կոտորածներին։ Մենք երբեք չենք մոռանա մեր եղբայրների ցավը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում