ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիա այցելել ցանկացող իր քաղաքացիներին

Միացյալ Նահանգները հերթական անգամ նախազգուշացնող հայտարարությամբ կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելությունից` կապված այդ երկրում ահաբեկչության մեծ վտանգի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տեղադրվել ԱՄՆ պետդեպի կայքում:

«Զգուշորեն մտածեք այս ժամանակահատվածում Թուրքիա այցելելու անհրաժեշտության մասին և խուսափեք այցելել Թուրքիայի հարավ-արևելք` կապված ահաբեկչության պահպանվող սպառնալիքի հետ: Պետդեպարտամենտը սահմանափակումներ է դրել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների կողմից Ստամբուլ և Թուրքիայի հարավ-արևելյան որոշ տարածքներ այցելելու վրա»,- ասվում է պետդեպի տարածած հաղորդագրության մեջ, որը փոխարինելու է 2016 թվականի հոկտեմբերի 29-ին արված նախազգուշացնող հայտարարությանը: Պետդեպից հայտնել են, որ Թուրքիայում ավելացել են հակաամերիկյան տրամադրությունները, ուստի ԱՄՆ քաղաքացիները կարող են թիրախավորվել տարբեր խմբերի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում