Պաշտոնական Անկարան փախած զինվորականներին վերադարձնելու պահանջով կրկին դիմել է Հունաստանին

Թուրքիայի արդարադատության նախարարությունը երկրորդ թղթածրարն է ուղարկել Հունաստան` պահանջելով իրենց հանձնել թուրք ութ զինվորի, ովքեր Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջումից հետո ուղղաթիռով փախել էին Հունաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Հունաստանի Գերագույն դատարանը հունվարի 26-ին որոշում էր կայացրել մերժել զինվորներին վերադարձնելու թուրքական կողմի պահանջը: Այդ որոշմանն ի պատասխան` Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել` խստորեն դատապարտելով հունական կողմի որոշումը և Հունաստանին անվանելով «հեղաշրջման մասնակիցներին պաշտպանող» երկիր:

2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:

Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում